Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրին Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ արտագնա հաղթանակից (5-2) հետո ամփոփել է հանդիպումը և անդրադարձել Չեմպիոնների լիգայում սպասվող կարևորագույն դիմակայությանը։
«Շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Սա Լա լիգայի ամենաբարդ արտագնա խաղերից մեկն է։ Ուրախ եմ գոլիս համար. այն մեզ վստահություն հաղորդեց հատկապես բարդ պահերին։ Թիմը ցուցադրում է իր հարձակվողական ներուժը, բայց մենք չափազանց շատ բան ենք թույլ տալիս մրցակիցներին։ Հենց դրա վրա էլ պետք է աշխատենք»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆուտբոլիստը նաև դժգոհել է մարզադաշտի խոտածածկից՝ նշելով, որ այն դժվարացնում էր գնդակի խաղարկումը, սակայն ընդգծել է, որ արդարացումներ չեն փնտրում։
Այնուհետև իսպանացի աստղային կիսապաշտպանը խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի մասին.
«Այժմ մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք ՊՍԺ-ի վրա։ Միգուցե նրանք այս պահին աշխարհի լավագույն թիմն են։ Սա մեզ համար լավ ստուգատես կլինի»,- իսպանացու խոսքերն է մեջբերում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրի ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հավելենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր 11 խաղերում հաղթանակ է տոնել և Լա լիգայում 27 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը («Բետիսը» 19 միավորով 3-րդն է)։

























































