«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերադառնում է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ կրկին ստանձնելով թիմի ավագի դերը: Այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Յան Ուրբանը։
Լևանդովսկին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին՝ Նիդերլանդների (սեպտեմբերի 4) և Ֆինլանդիայի (սեպտեմբերի 7) դեմ։
Հուլիսին Յան Ուրբանը փոխարինել էր Միխալ Պրոբեժին, որը հունիսին հրաժարական էր տվել՝ Լևանդովսկուց ավագի թևկապը խլելու որոշման շուրջ ծագած սկանդալի պատճառով։ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
«Թիմի ավագը կլինի Ռոբերտ Լևանդովսկին, և նա երկուշաբթի կմասնակցի մամուլի ասուլիսին՝ ինձ հետ միասին։ Փոխավագ եմ նշանակել Պյոտր Ժելինսկիին, իսկ երրորդ ավագ՝ Յան Բեդնարեկին։ Խաղացողները տեղեկացված են այս որոշման մասին. ես զրուցել եմ նրանց հետ և ցանկացել, որ նրանք առաջինը տեղյակ լինեն», — հայտնել է Ուրբանը, ում խոսքերը մեջբերել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
37-ամյա Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 158 խաղ և խփել 85 գոլ։




























































