Ըստ Sportsmole-ի՝ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Չարլի Նիկոլասն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետային խորհուրդ է տվել բաժանվել «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանից և թիմում փորձել պահել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։
Նիկոլասը նշել է, որ Արտետան ցանկանում է ձեռք բերել 5-6 ֆուտբոլիստ, բացի այդ, իր հերթին Օբամեյանգը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից, քանի որ հավանականությունը քիչ է, որ «Արսենալը» հանդես կգա ՉԼ-ում։
Օբամեյանգին վաճառելուց հետո, Արտետան դժվար թե կարողանա նման բարձրակարգ ֆուտբոլիստ գնել, այդ իսկ պատճառով, ըստ Նիկոլասի, ավելի նպատակահարմար է նոր, ավելի շահավետ պայմանագիր առաջարկել Օբամեյանգին։ Իսկ որպեսզի դրա համար անհրաժեշտ միջոցներ լինեն, «Արսենալի» նախկին ֆուտբոլիստն առաջարկում է վաճառել Մխիթարյանին ու Մուստաֆիին, ինչն էլ կօգնի պահպանել Օբամեյանգին։
Հիշեցնենք, որ «Զենիթի» ղեկավարությունն էլ հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ով այս մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Ռոմայի» կազմում: Այնուամենայնիվ, իտալական ԶԼՄ-ները պնդում են նաև, որ «գայլերը» չեն հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից, սակայն, «Ռոման» մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Ըստ լուրերի, լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն եվրո ստանալ: