ՌՖՊԼ-ի 13-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս մրցեց «Տամբովի» հետ ու 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Խաղի հաշիվը բացվեց միայն 61-րդ րոպեին․ տանտերերի ֆուտբոլիստը Վլադիմիր Օբուխովն անվրեպ իրացրեց ձեռքով խաղի համար նշանակված 11-մետրանոցն ու առաջ մղեց իր թիմին։
12 րոպե անց, սակայն, Եկատերինբուրգը ներկայացնող թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Վլադիմիր Իլյինը՝ մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։
3 րոպե անց «Ուրալի» կազմում հաղթական գնդակը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն իր թիմի մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ։
Հատկանշական է, որ այս հանդիպումից հետո «Տամբովի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել։
Գրիգորյանն այս տարվա ապրիլի 22-ին էր գլխավորել «Տամբովը»։ Այդ պահին թիմը գլխավորում էր ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2022 թվականը։
13 տուրից հետո «Տամբովը» ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում 8 միավորով։