ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Սպորտինգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Սա Ամորիմի վերջին հանդիպումն է գլխավոր մարզչի պաշտոնում «Սպորտինգի» տնային արենայում: Եվ ակումբում դա պատշաճ կերպով նշել են. երկրպագուները մարզչին նվիրված մեծ հրաժեշտի պաստառ էին պատրաստել։ Պորտուգալական ակումբի ղեկավարությունը նույնպես անմասն չի մնացել և Ամորիմին խաղից առաջ հուշանկար է նվիրել։
Հիշեցնենք, որ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մարզչի պայմանագիրը նոր ակումբի հետ ուժի մեջ կմտնի նոյեմբերի 11-ից։ Ամորիմին ամբողջությամբ հրաժեշտ կտան նոյեմբերի 10-ին, երբ «Սպորտինգը» արտագնա խաղում կխաղա «Բրագայի» հետ։