«Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջո Կելինին կրկին միացավ իր հարազատ ակումբին, բայց ոչ որպես խաղացող։
40-ամյա իտալացին կզբաղեցնի թուրինյան ակումբի ֆուտբոլային բաժնի ղեկավարի պաշտոնը։ Այս պաշտոնում Կելինին իր կատարած աշխատանքները ուղղակիորեն կզեկուցի ակումբի գործադիր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոյին և կներկայացնի «Յուվենտուսի» շահերը ազգային և միջազգային ֆուտբոլային կազմակերպություններում:
«Կելինին երբեք իրականում չի լքել «Յուվենթուսը», նրա սիրտը, հոգին և արժեքները միշտ կապված են եղել ակումբի հետ՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Սեպտեմբերի 16-ից նա կզբաղեցնի ֆուտբոլային հաստատությունների հետ աշխատանքի բաժնի ղեկավարի պաշտոնը։ Նրա ակադեմիական կրթությունը լրացնում է նրա փորձը որպես խաղացող, ավագ և ակումբի լեգենդ»,- գրել է «Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Ջորջո Կելինին «Յուվենտուսում» հանդես է եկել 2005-2022 թվականներին։ «Յուվենտուսից» հեռանալուց հետո պաշտպանը մեկուկես տարի անցկացրել է ամերիկյան «Լոս Անջելես» ակումբում, որտեղ ավարտել է կարիերան 2023 թվականի դեկտեմբերին։
























































