Աշխարհի առաջնության Ասիական գոտու ընտրական փուլի շրջանակում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպումները։
Ճապոնիայի հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթում է խոշոր հաշվով։ Նախորդ շաբաթ ճապոնացիները հաղթել էին Չինաստանի թիմին 7-0 հաշվով, իսկ այսօր 5-0 հաշվով արտագնա խաղում հաղթեցին Բահրեյնի հավաքականին։
Դուբլ ձևակերպեցին «Ֆեյենորդի» հարձակվող Այասե Ուեդան և «Սպորտինգի» կիսապաշտպան Հիդեմասա Մորիտան։ Եվս մեկ անգամ աչքի ընկավ ՆԵԿ-ի հարձակվող Կոկի Օգավան։ Ուեդան այս խաղում նաև գոլային փոխանցում է կատարել, ևս մեկական գոլային փոխանցում են կատարել Կաուրո Միտոման և Ջունյա Իտոն։
Իրանի հավաքականը Հայեդիի գոլի շնորհիվ նվազագույն՝ 1-0 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթեց ԱՄԷ-ի ընտրանուն։
Այս հանդիպումներից հետո Ճապոնիայի և Իրանի հավաքականները 6-ական միավորով գլխավորում են իրենց խմբերի մրցաշարային աղյուսակները։