Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջողությամբ ավարտեց իր մասնակցությունը Աբու Դաբի միջազգային մրցաշարում։
Աբու Դաբիում Հայաստանի ազգային հավաքականը Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ հաղթանակով ավարտեց իր ելույթները միջազգային մրցաշարում։ Եզրափակիչ խաղում մեր թիմը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ և հաղթեց 87:81 հաշվով։
«Մենք մի շարք պատճառներով հաջող մեկնարկ չունեցանք մրցաշարում, բայց խաղ առ խաղ բարելավվեցինք, և այդ ամենն ի վերջո տվեց իր արդյունքը։ Արդյունքը միանշանակ դրական եմ գնահատում, քանի որ մենք դարձանք չեմպիոն։ Եզրափակիչ խաղը մեր լավագույն ելույթն էր․ բոլոր առումներով հիանալի հանդես եկանք։ Նախորդ խաղերում պաշտպանությունում որոշակի խնդիրներ կային, բայց եզրափակչում տղաները առավելագույնն արեցին։ Եթե այլ կերպ խաղայինք, չէինք կարողանա հաղթել ԱՄԷ-ի հավաքականին։ Հաղթանակի հիմնական գործոնը թիմային խաղն էր։ Թիմից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ։ Չեմ առանձնացնի որևէ խաղացողի՝ միայն կասեմ, որ հասանք մեր նպատակին»,- ասել է Գեորգի Ղազանչյանը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց փորձնական կազմով:
























































