Բասկետբոլային համայնքը նոր կորուստ ունի: Կյանքի 77-րդ տարում մահացել է ամերիկյան ցուցադրական բասկետբոլի լեգենդ Ֆրեդ Նեյլը:
Նա հայտնի էր «Հարլեմ Գլոբթրոթերս» բասկետբոլային ցուցադրական ակումբում իր ելույթներով: Նեյլը 1963-1985 թվականների ընթացքում ճանապարհորդել է աշխարհի 95 երկրում՝ մասնակցելով ավելի քան 6000 խաղի: Նա հատկապես հայտնի էր բասկետբոլային խաղահրապարակում սեփական լուծումներով ու հնարքներով, որոնք մինչ այդ երբեք ոչ մի բասկետբոլիստ չէր կատարել: Երբ նա դադարեց զբաղվել իր սիրելի սպորտաձևով, «Հարլեմ Գլոբթրոթերս» ակումբը որոշեց նրա անունով կոչել 22 համարի խաղաշապիկը:
Նրա ավանդը ամերիկյան բասկետբոլում շատերը համեմատում են NBA-ի ամենահայտնի աստղերի ունեցած ավանդի հետ: