Իտալական Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանը կմեկնարկի արդեն այս շաբաթ՝ օգոստոսի 17-ին։ Առաջնությանը կմասնակցի 20 ակումբ։
Բ Սերիայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով երեք թիմ նվաճել է բարձրագույն լիգայի ուղեգիր։

«Պարման» երեք տարի անց կվերադառնա իտալական Ա Սերիա: Թիմը 2020/21 մրցաշրջանում դուրս էր մնացել բարձրագույն լիգայից։
Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը երբեք չի նվաճել Իտալիայի առաջնության ոսկե մեդալ, սակայն նվաճել է երեք Իտալիայի գավաթ, մեկ Իտալիայի Սուպերգավաթ, երկու ՈՒԵՖԱ-ի Գավաթ, մեկ ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթ և մեկ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ: Միջազգային հարթակում նվաճած տիտղոսների քանակով ակումբը զիջում է միայն իտալական «մեծ եռյակին»՝ «Ինտերին», «Միլանին» և «Յուվենտուսին»։
Ներքին առաջնությունում ակումբը մեկ անգամ դարձել է փոխչեմպիոն, ևս երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ բոլոր այս հաջողությունները գրանցվել են 1990-ականների սկզբից մինչև 2000-ականների սկիզբը։
Թիմի գլխավոր մարզիչն է իտալացի մասնագետ Ֆաբիո Պեչիան։

Իտալիայի երկրորդ լիգայի՝ Բ Սերիայի 38-րդ տուրի խաղում «Կոմոն» ոչ-ոքի խաղաց «Կոզենցայի» հետ և այս ոչ-ոքիի շնորհիվ թիմը, որը մարզում է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը և դուրս եկավ Սերիա Ա։ Թիմը վերջին անգամ Ա Սերիայում հանդես էր եկել 2003 թվականին։
«Կոմոն» նոր մրցաշրջանից առաջ բավականին ուժեղացրել է թիմի կազմը։ Թիմը համալրել են իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան, Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին, փորձառու իսպանացի պաշտպան Ալբետո Մորենոն, բայց ամենահայտնի նորեկը ֆրանսիացի Ռաֆայել Վարանն է, ով հանդես է եկել «Ռեալի» և ՄՅՈՒ-ի կազմում։
Ակումբի համար լավագույն ժամանակաշրջանը 1980-ականներն էին, երբ թիմը պարբերաբար խաղում էր Ա Սերիայում, իսկ 1986 թվականին գրանցեց իր լավագույն արդյունքը՝ զբաղեցնելով 9-րդ տեղն առաջնությունում։

«Վենեցիան» հաղթեց «Կրեմոնեզեին» Բ Սերիայի փլեյ-օֆֆի եզրափակիչում և նվաճեց Ա Սերիայի վերջին՝ երրորդ ուղեգիրը։
Սա վենետիկյան ակումբի համար կլինի 15-րդ մրցաշրջանն Ա Սերիայում։ Էլիտայում ակումբի լավագույն արդյունքը երրորդ տեղն է՝ հեռավոր 1942 թվականին։ Ակումբը այս նվաճումից մեկ տարի առաջ դարձել էր նաև Իտալիայի Գավաթի հաղթող, իսկ 1943-ին ևս մեկ անգամ հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ։
Թիմը մարզում է 54-ամյա իտալացի մասնագետ Էյսեբիու դի Ֆրանչեսկոն։
Կարդացեք նաև՝
Թոփ-5 լիգաների նորեկները․ Լիգա 1
Թոփ-5 լիգաների նորեկները․ Բունդեսլիգա
Թոփ-5 լիգաների նորեկները․ Լա լիգա
























































