Սպիտակ տան լրագրողները պատահաբար մեղադրել են «Ռոմայի» երկրպագու իտալացի լրագրող Մարկո Վիոլիին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու մեջ, հայտնում է OpenOnline առցանց հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդն արթնացել է կեսգիշերին ահռելի քանակությամբ ծանուցումների պատճառով։ Նրան սկսել են գրել սոցիալական ցանցերում, որ հենց նա է փորձել սպանել Թրամփին ամերիկյան Փենսիլվանիա նահանգում նախընտրական ելույթի ժամանակ։
Պարզվել է, որ այս մասին տեղեկություն են տարածել ԱՄՆ-ի լրագրողները՝ նշելով ենթադրյալ կրակողի անունը՝ Մարկ Վիոլեթս և կցելով իտալացի Մարկո Վիոլիի լուսանկարը։ Լուսանկարը նույնիսկ հայտնվել է հեռուստատեսությամբ՝ «հրաձիգը սպանվել է» մակագրությամբ։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի ականջին կրակել էին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը։ Քաղաքական գործիչը բուժզննում է անցել։ Նրա առողջությանը վտանգ չի սպառնում։ Դեպքից մի քանի ժամ անց Թրամփն արդեն հայտնվել է հանրության առաջ։
ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։