Մյունխենի «Բավարիայի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է համալրել Միլանի «Ինտերի» շարքերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ներաձուրիները» ֆուտբոլիստին դարձրել են իրենց գլխավոր տրանսֆերային թիրախը՝ ամառային տրանսֆերային պատուհանի համար: Նշվում է, որ գործարքը կախված է «Օձերի» հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրայի որոշումից։ Եթե հոլանդացին հեռանա, ապա միլանյան ակումբը ամենայն հավանականությամբ կփորձի գնել «Բավարիայի» խաղացողին։
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանը «Բավարիա» է տեղափոխվել «Նապոլիից» անցած ամառ: Անցած մրցաշրջանում Կիմը մյունխենցիների կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։