«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան թիմի ղեկին նորամուտի խաղից և հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել է մակեդոնական «Շկենդիային» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
«Շատ ուրախ եմ այն ամենի համար, ինչ տեսա այսօր: Շատ բարդ խաղ էր: Խաղում էինք մի մրցակցի դեմ, որն ավելի շատ խաղեր էր անցկացրել ու նախապատրաստություն անցել: Գիտեինք, որ բարդ է լինելու: Կարծում եմ՝ առաջին կեսում 50/50 էին շանսերը, բայց երկրորդ կեսում ամեն ինչ փոխվեց. տղաներն ավելի մեծ վստահություն ու հավատ ունեին իրենց ուժերին: Մենք խաղացինք մեր խաղն ու օգտվեցինք ունեցած հնարավորություններից: Փոխարինման դուրս եկած տղաները շատ լավ աշխատանք կատարեցին: Ինձ համար սա շատ կարևոր հանգամանք էր. տղաներին միշտ ասում եմ, որ ամենակարևորը մեկնարկային կազմի խաղացողները չեն: Մեկ շաբաթից ևս մեկ խաղ ունենք. սա դեռ միայն առաջին խաղն էր: Պետք է պատրաստվենք պատասխան խաղին»,- ասել է Մոտան և շնորհակալություն հայտնել նաև երկրպագուներին՝ նշելով, որ յուրաքանչյուր խաղին կցանկանա նման աջակցություն տեսնել, քանի որ երկրպագուներն իսկապես 12-րդ խաղացողն են:
«Նոայի» գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև Արտակ Դաշյանի մարզավիճակին ու խաղի վրա ունեցած ազդեցությանը:
«Ինչպես ասացի՝ փոխարինման դուրս եկած տղաները լավ աշխատեցին ու եղանակ ստեղծեցին: Արտակը նրանցից մեկն էր, բայց ոչ միակը: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին, քանի որ սա թիմային սպորտ է և թիմային աշխատանք: Ուրախ եմ այս հաղթանակի համար»,- նշել է մարզիչը:
Մարզչին հարց է ուղղվել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի՝ ձախ եզրում խաղալու մասին. «Այդ որոշումը կայացրինք այս խաղից ելնելով: Հովհաննեսը բավական լավ հանդես եկավ ձախ եզրում: Նա փորձառու և ունիվերսալ խաղացող է: Ամեն ինչ կախված է իր պատրաստվածությունից»: