Իտալական «Բոլոնիան» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Տիագո Մոտտայի հրաժարականի մասին։
«Այսօր առավոտյան Տիագո Մոտան ակումբին հայտնել է «Բոլոնիայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու մտադրության մասին։ Ի գիտություն ընդունելով որոշումը՝ ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած հիանալի աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան կարիերայի մնացած հատվածում»,- ասված է «Բոլոնիայի» տարածած հայտարարության մեջ։
«Այս երկու տարիների ընթացքում ես հանդիպեցի պատրաստված և հաղթող մարզչի, որը թիմին տվեց փայլուն խաղային անհատականություն: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը նրան և թիմի յուրաքանչյուր խաղացողի մտցնում է ակումբի պատմության մեջ : Ես կցանկանայի, որ նա մնար «Բոլոնիայում», բայց ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան և իր թիմին այս հիանալի մրցաշրջանների համար և մաղթել ամենայն բարիք ապագայում», — ասել է ակումբի նախագահ Ջոյ Սապուտոն:
«Բոլոնիան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Թիմը 37 խաղից հավաքել է 68 միավոր և արդեն ապահովել է հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիրը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Տիագո Մոտտան համաձայնել է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։