Լողի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆաել Վասիլյանը որոշակի հույսեր է փայփայում Արթուր Բարսեղյանի հետ` ընդգծելով, որ մարզիկն արժանի է և կարող է դառնալ Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից, քանզի նա «արագ վայրկյաններ» է ցույց տալիս ազատ լողաոճում: Իսկ ուղեգիր ունենալու հարցը կորոշվի հունիսի 17-23-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Այն օլիմպիական վարկանիշային բնույթի ստուգատես է:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը լավատես է նաև մրցավայր մեկնող մարզուհիների նկատմամբ: Արթուրից բացի, վաստակաշատ մարզիչ Արմինե Ավետիսյանը Բելգրադ կուղեկցի նաև չորս լողորդուհու՝ Վարսենիկ Մանուչարյանին, Եվա Կարապետյանին (երկուսն էլ ՝ բատերֆլայ ոճ), Անի Պողոսյանին (ազատ ոճ) և Դիանա Մուսայելյանին (համալիր լող):
ՀՀ հավաքականը ուսումնամարզական հերթական հավաքը Ծաղկաձորում կավարտի մայիսի 26–ին, որից հետո մարզումները կանցկացվեն Երևանում: