«Զենիթի» հարձակվող Մալկոմը չի բացառել, որ ապագայում կարող է վերադառնալ «Բարսելոնա».
«Շատ լավ հարաբերությունների մեջ էի Վալվերդեի հետ, նա շատ լավ մարզիչ ու լավ մարդ է: Նա երբեք չէր բացատրում, թե ինչու ֆուտբոլիստը դաշտ դուրս չի գալիս, բայց դա ինձ չէր անհանգստացնում, քանի որ մենք պրոֆեսիոնալներ ենք, այստեղ այդպես է ընդունված: Ես երբեք չէի դադարում աշխատել մարզումների ժամանակ, և երբ նա ինձ խաղաժամանակ էր տրամադրում, լավ էի խաղում ու օգնում էի թիմին:
Երբեք չես իմանա՝ ինչ կլինի ապագայում: Հնարավոր է՝ ես կարողանամ վերադառնալ «Բարսելոնա». ուրախ կլինեմ: Բայց հիմա իմ մտքերը կապված են «Զենիթի» հետ: Երբ առաջարկ ստացա այս ակումբից, համաձայնեցի առանց մտածելու, քանի որ թիմը խաղում է եվրագավաթներում: «Զենիթի» հետ ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները»,- Մալկոմի խոսքերն է փոխանցում La Vanguardia-ն:
Մալկոմը 2019 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել «Զենիթ»: Տրասնֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ խաղում բրազիլացին ազդրի վնասվածք ստացավ ու դաշտ կարողացավ վերադառնալ միայն մարտին: