Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ՝ Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարը վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ միջազգային մրցաշարի կարգավիճակ է ստացել, իսկ արդեն հաջորդ տարվանից լիարժեքորեն ընդգրկված կլինի միջազգային օրացույցում՝ դառնալով Հայաստանի եզակի միջազգային մրցաշարերից մեկը, փոխանցում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականի ամբողջ կազմը. ժամանել էր նաև ամերիկաբնակ վազորդ Ալիսոն Հալվերսոնը:
«Միջազգայինի կարգավիճակից զրկված լինելու պատճառը մրցումային պայմանների բացակայությունն էր. Արտաշատի մարզադաշտը վերակառուցվում էր, և վերջին 10 տարիների ընթացքում այստեղ գրեթե անհնարին էր նորմալ մրցումներ կազմակերպել: Բավականին ընդգրկուն մրցաշար է և լավ ստուգատես մեր հավաքականի մարզիկների համար», — ասել է գլխավոր մարզիչը:
Խոսելով արդեն վերակառուցված մարզադաշտի մասին՝ Գրիգոր Բարսեղյանն ընդգծել է, որ ծածկույթը միջազգային չափանիշներին համապատասխանում է: Դեռևս որոշակի գույքի կարիք կա. առաջիկայում ևս ակնկալվում է գույքային նոր համալրում. «Բոլոր մրցաձևերից կկարողանանք պատշաճ մրցումներ անցկացնել: Հիմա անցկացնում ենք այն մրցաձևերով, որոնք կարող ենք կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջիկայում կունենանք բարձրացատկի հատված, անվտանգության ցանցով սկավառակի և մուրճի նետման հատվածներ», — մանրամասնել է Գրիգոր Բարսեղյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի այս մրցումներին նվազագույնը 5-6 երկիր կմասնակցի:
Այս տարի հուշամրցաշարին մասնակցել են միայն Վրաստանի ներկայացուցիչները. այլ երկրներից մասնակիցներ չունենալը պայմանավորված է եղել մրցաշարի անցկացման ժամանակացույցի փոփոխությամբ:
«Հավաքականի մարզիկների համար սա բավականին պատասխանատու մրցում է, քանի որ ընտրական բնույթ ունի. այստեղ ցուցադրած արդյունքներով որոշելու ենք փոքր երկրների Եվրոպայի առաջնության մասնակիցներին. հանդես կգանք նվազագույնը 16 մարզիկով: Հաջորդ շաբաթ Իզմիրում կայանալիք Բալկանյան երկրների առաջնությանը կմասնակցենք մեր առաջատարների ավելի փոքր խմբով», — հավաքականի առաջիկա ծրագրերը ներկայացնելիս հայտնել է մարզիչը:
Փարիզ կմեկնի ամենաբարձր վարկանիշ ունեցող աթլետը
Անդրադառնալով Փարիզ-2024-ին՝ Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ առնվազն մեկ մարզիկով Հայաստանը ներկայացված կլինի աթլետիկական մրցումներում, բայց հույս է հայտնել, որ մինչև խաղերի մեկնարկը Հայաստանի ներկայացուցիչների թիվը կավելանա. «Փարիզ ամենաբարձր վարկանիշ ունեցող աթլետը կմեկնի: Այս պահին դեռ ունենք 2-3, նույնիսկ 4 թեկնածու, չենք շտապում անուն նշել: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունից հետո կամ մինչև վարկանիշային պատուհանի ավարտը պարզ կդառնա, և այդ թեկնածուներից լավագույնը կմասնակցի Օլիմպիական խաղերին»: