Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ խոսել է դարպասապահների մրցակցության մասին։
«Կուրտուան Լա Լիգայում ևս մեկ խաղ կանցկացնի «Վիլյառեալի» հետ, իսկ Լունինը երկրորդը կանցկացնի «Բետիսի» հետ, բայց չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո։ Կուրտուան այսօր անհավանական մարզավիճակում էր»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ մայիսի 14-ին ավարտված Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում (5:0) Կուրտուան կատարել է 10 սեյվ։ Ընդհանուր առմամբ, բելգիացին վնասվածքի պատճառով դադարից հետո երեք հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ մի գոլ բաց չի թողել։ Լունինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում բաց է թողել 28 գոլ, իսկ 12-ում դարպասն անառիկ է պահել։ Իսպանացի Կեպա Արիսաբալագան, որն այժմ Անչելոտիի ցուցակում երրորդն է, 19 խաղից 8-ում դարպասն անառիկ է պահել և բաց թողել 18 գոլ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 36 հանդիպումից հետո վաստակել է 93 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան» կխաղան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչում։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում (Մեծ Բրիտանիա):
























































