Երևանի հրաձգության մարզադպրոցում անցկացվել է անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցների սաները:
Օդամղիչ զենքով, 10 մետրից 60 կրակոցով լավագույններ են ճանաչվել հրացանակիրներ Միհրան Գաբրիելյանը և Մարիամ Միքայելյանը, ատրճանակավարներ Բենիկ Խլղաթյանը ու Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախում (30+30 կրակոց) ՝ Գոռ Խաչատրյանը և Գոհար Հարությունյանը, իսկ վազող թիրախի խառը երկյակների մրցությունում (20+20 կրակոց) ամենաբարձր արդյունքը գրանցել են Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանը:
Սիմոնյանը հրաձգություն մարզաձևի համաշխարհային ամենափայլուն աստղերից մեկն էր: Եղել է Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի չեմպիոն, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի 56 ռեկորդ :
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր: