Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում անցկացրած 16 տարիներից հետո եկել է ժամանակը ասելու, որ ամեն ինչ ավարտված է։ Սա, անկասկած, ամենադժվար որոշումներից մեկն է, որը ես ստիպված եմ եղել կայացնել, բայց ես մեծ հպարտությամբ և անկեղծ գոհունակությամբ եմ ասում՝ բավական է:
Ես անցկացրել եմ 115 հանդիպում, այնքան ուրախություն եմ ապրել, հասել եմ աշխարհի առաջնություն. այս ամենը երազանք էր, որ ունեցել եմ մանկուց և իրականություն դարձավ:
Ես միշտ սիրով և հպարտությամբ եմ կրել իմ երկրի մարզաշապիկը, խաղացել եմ իմ ժողովրդի, մեր հավատարիմ երկրպագուների համար ամբողջ աշխարհում»,- գրել է Պյանիչը սոցցանցերում։
Միրալեմ Պյանիչը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից։ Այս ընթացքում նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 115 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Ազգային հավաքականի կազմում 34-ամյա Պյանիչի վերջին հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուկրաինայի հետ խաղն էր։ Այս հանդիպումը կայացել է 2024 թվականի մարտի 21-ին և ավարտվել բոսնիացիների պարտությամբ՝ 1։2 հաշվով։