Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։
Ընդգծվում է, որ Բաստոնի տրանսֆերի համար «Ինտերը» կարող է 80 մլն եվրո պահանջել։
Այս մրցաշրջանում Բաստոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Հետաքրքիր է, որ «Ինտերն» իր հերթին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ծառայություններով, որն, ըստ վերջին լուրերի, մադրիդյան թիմի ղեկավարությանը հայտնել է, որ կլքի ակումբն այս մրցաշրջանի վերջում, երբ նրա պայմանագրի ժամկետն ավարտվի։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։