Հայաստանում հիմնադրվելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող Յուվենտուսի ֆուտբոլային ակադեմիա։ Այս մասին հայտնել է Juventus Academy Armenia ֆեյսբուքյան էջը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականի ապրիլի 2-ին «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության և «Յուվենտուս» աշխարհահռչակ ակումբի միջև կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա։
Դեռևս տարեսկզբին Յուվենտուս ակումբի պատվիրակությունը մեր հրավերով այցելել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարներին և հաստատելու «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության հետ համատեղ ծրագիրը։ Մեր նախաձեռնությամբ ՀՖՖ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում ծրագիրն արժանացել է բարձր գնահատականի, և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ծրագրի իրագործմանը։
«Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացման, միջազգային լավագույն փորձի ներդրման, սպորտային նոր մշակույթ զարգացնելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։