Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։ Կիսաեզրափակիչի համար ձևավորված զույգերը ֆուտբոլասերներին այլ բան, քան գերլարված ու ինտրիգային խաղեր, խոստանալ չէին կարող։ Մի կողմից, այսպես կոչված, «երևանյան դերբին» էր (չնայած, շաբաթը մեկ մեզ մոտ «երևանյան դերբի է», եթե ոչ՝ 2 հատ), մյուս կողմից՝ գործող գավաթակիրն ու համարձակ «Շիրակը», որը պետք է խաղար սեփական հարկի տակ։ Երկու խաղերն էլ անցան լարված ու դինամիկ պայքարում, երկրպագուների սպասելիքներն արդարացան 100 տոկոսով։ Գնանք հերթով։
«Փյունիկը» շարունակում է գահավիժել է, Արթուր Սերոբյանը՝ զարմացնել
«Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» միջև հանդիպումները գրեթե միշտ անցնում են թեժ մթնոլորտում։ Եթե առաջնությունում մի պարտությունը հնարավոր է փոխհատուցել հաղթանակների շարքով և հուսալ, որ մրցակիցը կսայթաքի, ապա գավաթային մրցավեճերում կարևոր են նույնիսկ մանրուքները, և յուրաքանչյուր դրվագ կարող է դառնալ ճակատագրական։ Գավաթի կիսաեզրափակիչ խաղում երկու թիմերն էլ դաշտ էին դուրս բերել լավագույն ուժերը։ Վստահաբար, եթե խաղը կայանար նախորդ տարվա աշնանը, «Արարատ-Արմենիայի» հաղթելու շանսերը այդքան մեծ չէին լինի, բայց հիմա, երբ «Փյունիկն» ունի հոգեբանական և այլ բնույթի խնդիրներ, ունի «վիրավոր գազանի» տեսք, դա էլ ավելի է զայրացնում մրցակիցներին։
Վտանգավոր պահերով թիմերը հասցրեցին փոխանակվել արդեն 12-րդ րոպեի դրությամբ։ Տենտոն Յենեյի հարվածին «Փյունիկից» պատասխանեց Վագներ Գոնսալվեսը։ Սակայն եթե «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստի հարվածը թույլ ստացվեց, բրազիլացի ֆուտբոլիստի հարվածից հետո գերազանց ցատկով իր թիմին փրկեց Արսեն Բեգլարյանը։ Երկու թիմերի կազմերում էլ փայլում էին առաջատարները՝ Տենտոն Յենեն ու Հովհաննես Հարությունյանը։ Նիգերիացի հարձակվողն իր լավագույն հանդիպումներից մեկն էր անցկացնում՝ կամ ինքն էր դուրս գալիս հարվածային դիրք, կամ էլ թիմակիցներին էր դուրս բերում Բուչնևի հետ ռանդևուի՝ երկու դեպքում էլ «Փյունիկցիների» պաշտպաններին դնելով անհարմար դրության մեջ։ Հովհաննես Հարությունյանը դաշտում ամենուրեք էր՝ հիմնականում սրություն հաղորդելով թիմի գրոհներին կիսաեզրերից։ Դաշտում նրա նոմինալ դիրքը կենտրոնում էր՝ Արտակ Գրիգորյանի կողքին։
Հանդիպման նշանակությունը մեծ էր, և Եղիշե Մելիքյանը փաստացի խաղում էր 4-2-4 սխեմայով՝ միաժամանակ առաջին րոպեներից դաշտ դուրս բերելով և՛ Գոնսալվեսին, և՛ Հենդրիկսին, և՛ Օտուբանջո-Յուրիչիչ զույգին՝ մերկացնելով հենակետային գոտին։ Հենց այդ դիրքից էլ եկավ մրցակցի գոլը։ 32-րդ րոպեին Արթուր Սերոբյանը, պատ խաղարկելով նույն Տենտոն Յենեի հետ և մոտ 25 մետր հեռավորության վրա ստանալով գնդակը, հեռահար հարվածով գրավեց դարպասից առաջ եկած Ստան Բուչնևի դարպասը՝ դառնալով շքեղ գոլի հեղինակ։ Գործնականում, առաջին կեսում «Փյունիկն» այլևս չսպառնաց Բեգլարյանի դարպասին։
Ընդմիջումից հետո դաշտում պայքարը լարվեց, վտանգավոր պահերը շատացան։ 59-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպանները անփույթ գործեցին, ինչից օգտված Տենտոն Յենեն մնաց դարպասապահի հետ մեն-մենակ, սակայն նրա հարվածից հետո գնդակը միլիմետրերի շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից։ Հաջորդ իսկ գրոհի ժամանակ «Փյունիկը» մոտ էր մրցակցին պատժելուն, սակայն «ճակատագրի անսպասելի նվերից» Յուսուֆ Օտուբանջոն օգտվել չկարողացավ՝ Բեգլարյանն ամենակարևոր պահին կանգուն մնաց։ «Փյունիկը» զգալով, որ Վարդան Մինասյանի թիմը սկսում է «իջնել», անցավ լայնածավալ գրոհների․ կրակի տակ էր պահում եզրերը, Հովհաննես Հարությունյանը գրեթե չէր նահանջում, բայց ցանկալի արդյունք դա չէր տալիս։ Փոխարենը, «Արմենիան» օգտվում էր հակագրոհելու իր հնարավորությունից, իսկ եթե դու առջի գծում ունես Յենեի նման սպրինտեր ու գիշատիչ՝ ինչու չօգտվել։ 77-րդ րոպեին նրա անհատական գործողությունների շնորհիվ Արմեն Համբարձումյանը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն անդրադարձերը փրկեցին «Փյունիկին»։ Զիջելով դաշտի կենտրոնը՝ «Փյունիկը» մեծ ռիսկի էր գնում՝ ամեն անգամ բաց թողնելով մրցակցի հակագրոհներից մեկը։ 84-րդ րոպեին ամեն ինչ կարող էր ավարտվել, սակայն փոխարինման դուրս եկած Ժիրայր Շաղոյանի նրբագույն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու Մելիքյանի թիմին դեռ պայքարելու հնարավորություն տվեց։ Բայց դրանից հետո էլ «Փյունիկը» գործը գոնե լուրջ վտանգավոր պահի չհասցրեց։ Իսկ «Արարատ-Արմենիան» ևս մեկ ռեալ շանս ունեցավ։ Կամո Հովհաննիսյանը, զարգացնելով ուլտրա-արագություն, փախավ բոլոր մրցակիցներից, ներխուժեց տուգանային հրապարակ ու հնարամիտ որոշում կայացրեց՝ փորձելով գրավել մոտակա անկյունը, բայց Բուչնևը գերազանց կարդաց իրավիճակը։
Հանդիպման ամենահետաքրքիր դրվագը կայացավ մրցավարի ավելացված 2-րդ րոպեին, երբ դաշտի կենտրոնում բախում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, որի կենտրոնում «Արմենիայի» հարձակվող Մոհամեդ Յատտարան էր։ Փոխարինման գնալիս նա վեճի բռնվեց մրցակիցներից մեկի հետ, և մրցավարը նրան պատժեց դեղին քարտով, Յատտարան փոխարինվեց։ Ու միայն փոխարինումից հետո մրցավար Զավեն Հովհաննիսյանը հիշեց, որ Յատտարան 72-րդ րոպեին արդեն ստացել էր դեղին քարտ։ Յատտարայի անհեռանկարային գործողության պատճառով ԱԱ-ն խաղն ավարտեց 10 հոգով և եզրափակիչում զրկվեց իր առանցքային ֆուտբոլիստներից մեկից։ 1-0 և «Արարատ-Արմենիան» եզրափակիչում է:
Գունկոն նորից մտավ եզրափակիչ, «Շիրակը» դեռ չի սովորել պարտվել
Գյումրիում խաղալը ոչ մի թիմի համար հեշտ չէ։ «Ուրարտուն» վերջերս դա զգացել էր սեփական մաշկի վրա, երբ, ունենալով հսկայական առավելություն մրցակցի նկատմամբ, պարտվեց խաղը համարձակ «շիրակցիներին»։ Գավաթի կիսաեզրափակիչ հասնելու համար գյումրեցիներին արդեն կարելի է ծափահարել, որ բյուջեով մի քանի անգամ մրցակցին զիջող համեստ ակումբը պայքարում է գավաթ նվաճելու համար։ Հանդիպման մեկնարկում նկատելի առավելությույն ուներ «Ուրարտուն», որն ավելի շատ էր տնօրինում գնդակը մրցակցի կիսադաշտում։ Ուստի, Գունկոյի թիմի գոլային հաջողությունը զարմանալի չէր։ 8-րդ րոպեին նրանք ձեռնարկեցին արագ հակագրոհ, աջ թևում հայտնված Ժիրայր Մարգարյանը գնդակը ֆիքսել չկարողացավ, սակայն ընկած վիճակում այն փոխանցեց Դոլգովին։ Վերջինս գերազանց նկատեց մրցակիցների թիկունքում հայտնված Անդրեյ Կրավչուկին, որն էլ գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Գոլ խփելուց հետո «Ուրարտուն» շարունակում էր վստահ խաղ ցուցադրել և սպառնալ մրցակցի դարպասին։ 20-րդ րոպեին մրցակիցը աջ եզրով փորձեց գրոհ կազմակերպել, սակայն այստեղ էլ Ժիրայր Մարգարյանը կարդաց դրվագը, գնդակը ուղարկեց Դենիս Գլուշակովին։ Փորձառու ֆուտբոլիստը ճիշտ գնահատեց պահը և փոխանցեց Ալեքսանդր Դոլգովին, որն էլ ոտնաթաթի դրսի հատվածով կատարած փայլուն հարվածով կրկնապատկեց իր առավելությունը։
Զարմանալի իրավիճակ տեղի ունեցավ 25-րդ րոպեին։ Ուրոշ Ստոյանովիչը գնդակը համառ պայքարում հեռացրեց սեփական կիսադաշտից, ինչը հանգեցրեց «Ուրարտուի» նոր գրոհի, որը, փաստացի, ոչնչով չավարտվեց։ Դրանից միայն մոտ 1 րոպե անց մրցավարին կանչեցին VAR-ի սենյակից այդ դրվագն ավելի մանրամասն ուսումնասիրելու։ Կրկնապատկերը պարզ ցույց է տալիս, որ Ուրոշ Ստոյանովիչը զուտ հեռացնում էր գնդակը։ Դրվագի դինամիկայում ոտքը թաքցնելու հնարավորություն չկար։ Մրցավարն արեց իր մտորումներն ու «Ուրարտուի» սերբ պաշտպանին պատժեց դեղին քարտով։ Այս իրադարձությունը հետագայում կունենա իր ազդեցությունը։ Բայց դրան դեռ կհասնենք։
«Շիրակը» երկրպագուների բուռն աջակցությամբ նետվեց առաջ, սակայն «Ուրարտուի» պաշտպաններն առաջին կեսում անթերի աշխատանք կատարեցին։ Մինչև ընդմիջումը հյուրերը կարող էին ևս 1-2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Նախ 37-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից հարվածեց Դրաման Սալուն, սակայն գնդակը բարձր ընթացավ։ 42-րդ րոպեին էլ, ոգեշնչված Դոլգովի հարվածի հետագծով, սուր անկյունից հարվածելու փորձ կատարեց Ալվարո Վելյեզը, բայց թիմակցի հաջողությունը կրկնել չհաջողվեց։
Առաջին կեսն ավարտվեց երևանյան թիմի առավելությամբ՝ 2-0: Երկրորդ խաղակեսի մեկնարկը «Շիրակը» անսպասելիորեն ագրեսիվ սկսեց ու կարողացավ 1 գնդակ անմիջապես հետ բերել։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ փոխարինման մտած Լյովա Մրյանը։ Գոլային դրվագում արժե հիշատակել «Ուրարտուի» պաշտպանների անփույթ ու անհամաձայնեցված խաղը սեփական տուգանայինում։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Մրյանի միայնակ ճախրելը Ալեքսանդր Մելիխովի աչքի առաջ։ 52-րդ րոպեի դրությամբ «Ուրարտուն» կարողացավ դուրս գալ ճնշումից ու վտանգավոր պահ ստեղծել։ Հեռահար հարվածով մրցակցի դարպասին սպառնաց Դենիս Գլուշակովը, բայց դարպասապահը տեղում էր։ Դրանից հետո դաշտում ձևավորվեց թեժ պայքար, սակայն վտանգավոր պահեր թիմերը գործնականում ստեղծել չկարողացան։ Հատկապես լարվեց իրավիճակը «Շիրակի» տուգանային հրապարակում 83-րդ րոպեին, երբ Անդրեյ Կրավչուկը ներխուժեց տուգանային հրապարակ և խառը իրավիճակում ընկավ, սակայն մրցավարը 11 մետրանոց այդ դրվագում չնշանակեց։ 85-րդ րոպեին գերազանց խաղաց Ալեքսանդր Մելիխովը, որը մեծ դժվարությամբ կարողացավ հետ մղել Մորի Կոնեի՝ միջին տարածությունից կատարած հարվածը։ Հանդիպման վերջնամասում կրքերը բորբոքվեցին։ «Ուրարտուի» տուգանային հրապարակում «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն վիճաբանեց Ուրոշ Ստոյանովիչի հետ, ինչին արձագանքեցին մյուս խաղացողները, և սկսվեց հրմշտոց։ Դրվագի ավարտից հետո մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրեց դաշտից Մորի Կոնեին, իսկ Ուրոշ Ստոյանովիչը ստացավ երկրորդ դեղին քարտն ու ևս վաղաժամ թողեց խաղադաշտը։ Չնայած մրցակցի ճնշմանը, «Ուրարտուն» դիմադրեց և կարողացավ երրրորդ տարին անընդմեջ դուրս գալ Հայաստանի գավաթի եզրափակիչ։
«Ուրարտուն» արդարացիորեն դուրս եկավ եզրափակիչ, միևնույն ժամանակ «Շիրակը» գերազանց դրսևորեց իրեն։ Բայց «Շիրակին» խանգարել ու մինչև օրս խանգարում է չհաշտվելու միտքը։ Շատ հաճախ գյումրեցի ֆուտբոլիստները տրվում են էմոցիաներին, դա երբեմն տալիս է արդյունք, բայց հաճախ չափից դուրս իմպուլսիվությունը բերում է նման ելքերի, երբ ուղիղ տեղը ֆուտբոլիստը կարող է կարմիր քարտ ստանալ։
Այսպիսով, Հայաստանի գավաթը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։
Ռոբերտ Գասպարյան