«Ռոման» կարող է ձեռք բերել «Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելին, որը վարձավճարով հանդես է գալիս «Շտուտգարտում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «Շտուտգարտը» ցանկանում է երկարաձգել վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, քանի որ չի կարող ձեռք բերել դարպասապահի լրիվ տրանսֆերը։ Նշվում է, որ մյունխենցիներն իրենց խաղացողին կվաճառեն 13-15 մլն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Նյուբելը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում բաց է թողել 31 գոլ և 11 անգամ անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
Գերմանացին «Բավարիային» միացել է 2020 թվականի ամռանը և թիմի կազմում անցկացրել 4 խաղ։