«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, ինչպես նաև նրա ընտանիքը հետապնդվում են իտալական թիմի երկրպագուների կողմից, որոնք կարծում են, թե ֆուտբոլիստը մեղավոր է հռոմեական ակումբի նախկին մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ մի խումբ մարդիկ հետևել են Իմոբիլեին ու նրա կնոջն այն դպրոցի դիմաց, որտեղ սովորում է նրանց որդին, և սկսել են վիրավորել ֆուտբոլիստին։ Հաղորդվում է նաև, որ տեղի է ունեցել ֆիզիկական բռնություն, սակայն մանրամասներ չեն նշվում։
Ընդգծվում է, որ «Լացիոյի» երկրպագուներից մեկը վիրավորել է Իմոբիլեին, երբ նա մեքենայում է գտնվել իր 4-ամյա որդու հետ։
Որոշ երկրպագուների կարծիքով՝ ակումբի փորձառու խաղացողները՝ Իմոբիլեի գլխավորությամբ, միտումնավոր չեն ցուցադրել իրենց լավագույն խաղը, որպեսզի Սարրին հեռացվի աշխատանքից։
Հիշեցնենք, որ Սարին մարտի 13-ին հեռացվել է «Լացիոյից»։