Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող լեգեոներների լիմիտը խստացնող որոշում է այսօր կայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն։ ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում կմնա անփոփոխ, իսկ հիմնական կազմում պարտադիր ներկայացվածության շեմը կբարձրանա։
Ինչպես Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք էլ հիմք ընդունելով քննարկել և հետևյալ որոշումներն է կայացրել ՀՖՖ Գործադիր կոմիտեն։
«Քննարկումներից հետո որոշվեց 2024/2025 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Առաջին խմբում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 15, իսկ հիմնական կազմում 6-ից դարձնել 7:
Որոշվեց 2025/2026 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 9, իսկ հիմնական կազմում 3-ից դարձնել 4:
Որոշվեց Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների անդամների քանակի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում Հայաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ և որոշումը կայացնել այդ քննարկման արդյունքում»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Այսօրվա նիստի երկրորդ հարցը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: Համաձայն ՀՖՖ կանոնադրության հոդված 37-ի 5-րդ կետի (Եթե Գործադիր կոմիտեի որևէ պաշտոն կամ պաշտոնների մինչև 50% դառնում է թափուր, Գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչև հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով), ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվել է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի թեկնածությունը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ծանոթանալով Անուշ Անանյանի գործունեությանը, քվեարկել են նրա թեկնածության օգտին: Այսպիսով, Անուշ Անանյանը համալրել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը մինչև 2024 թ. դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ հերթական ժողովը: