Գլազգոյի մարզասրահում այսօր կմեկնարկի աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որին կմասնակցի նաև 28-ամյա Երվանդ Մկրտչյանը: Նա իր ունակությունները կդրսևորի 1500մ. վազքատարածությունում: Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար Մկրտչյանը 1500 մ. տարածությունը պետք է հաղթահարի առնվազն 3, 33. 50 ժամանակում:
Վաստակավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի սանը անցյալ տարվա համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր է: Այս մրցաշրջանումՍտամբուլի մարզասրահում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում Երվանդը ցույց է տվել 3, 44. 55 արդյունք, գրավել է առաջին տեղը և հաղթող ճանաչվել:
Դրանից հետո գյումրեցին իր բարձր կարգը հաստատել է նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած Belgrade Indoor Meeting 2024 անվանումով միջազգային մրցաշարում: Նա նոր ուղղում է մտցրել հանրապետական ռեկորդների ցանկում / 3, 38. 12 /:
Ի դեպ, Գլազգոյի ստուգատեսին մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի 32 ուժեղագույն միջնավազորդները:
Երվանդ Մկրտչյանն արդեն մրցավայրում է: Նրա հետ է աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի նախագահ, հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: