Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումից հետո (1:0) ասել է, որ «սերուցքայինները» միշտ պայքարում են հաղթանակի համար և երբեք չեն հանձնվում։
«Ինչպես միշտ, մենք չենք հանձնվում մինչև վերջ: Մենք դա բազմիցս ցույց ենք տվել, սա «Ռեալի» ԴՆԹ-ն է։ Թեև մենք կցանկանայինք ավելի վաղ վճռել հանդիպման ելքը։ Բայց երբեմն նույնիսկ ավելի հաճելի է այսպես հաղթելը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը կայացած խաղում Լուկա Մոդրիչը 81-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Այս պահին «Ռեալը» 65 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ներքին առաջնության հաջորդ խաղում «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Վալենսիայի» հետ։
























































