«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը 26-ամյա ֆրանսիացուն դիտարկում է որպես Ալֆոնսո Դեյվիսի հնարավոր փոխարինող։ Կանադացին կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում էր, որ Դեյվիսի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։
Էրնանդեսը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա միլանյան թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։