«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Միլանից» կրած պարտությունը (0:1)։
«Մենք լավ խաղացինք, բայց կարող էինք ավելի լավ գործել և ճնշում գործադրել մրցակցի վրա։ «Միլանն» առաջին կեսում շատ ուժեղ ճնշում գործադրեց, իսկ երկրորդում նահանջեց: Չեմ կարծում, որ երկրորդ խաղակեսում սխեմայի փոփոխությունն ամեն ինչ փոխեց, պարզապես մենք ավելի լավ խաղացինք։ Մենք ամբողջ շաբաթ աշխատել ենք Տեո Էրնանդեսին փակելու ուղղությամբ։ Սխալների մասին խոսելիս չեմ սիրում առանձնացնել որևէ մեկին, բայց մենք պատրաստվել էինք նման իրավիճակների, սխալվեցինք ու գոլ բաց թողեցինք։ «Միլանի» գոլային գրոհը կանխատեսելի էր։
Մեր նպատակն է հաղթել որքան հնարավոր է շատ հանդիպումներ։ Այս մրցաշրջանում մենք շատ վնասվածքներ ունեինք, այսօր հիանալի խաղացինք և արժանի չէինք պարտության: Աղյուսակում մեզնից բարձր գտնվող թիմերը դեռ խաղեր ունեն Նեապոլում։ Կարծում եմ, որ մենք այս մրցաշրջանում կպայքարենք առնվազն չորրորդ տեղի համար»,- Մացարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Նապոլին» 35 միավորով 9-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Չորրորդ տեղում գտնվող «Ատալանտայից» տարբերությունը 7 միավոր է: