«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վնասվածքի մասին, որը նա ստացել է Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Բոլոնիայի» հետ խաղում (1:2): Արգենտինացին փոխարինվել է 90+9-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր՝ հօգուտ միլանցիների։ Հանդիպման հիմնական ժամանակում հարձակվողը չի կարողացել իրացնել 11 մետրանոցը:
«Մարտինեսի վիճակը կգնահատենք մի փոքր ուշ։ Հուսով ենք, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Բժշկական շտաբում հանգիստ է, բայց Լաուտարոն ամեն դեպքում պետք է խորացված հետազոտություն անցնի։ Երկուսուկես օրից մենք ևս մեկ հանդիպում ունենք»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտերը», պարտվելով «Բոլոնիային», ավարտել է ելույթը Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում։ Անցած մրցաշրջանում միլանցիները հաղթել են այս մրցաշարում։ Այս պահին Ինձագիի սաները 16 տուրից հետո 41 միավորով գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: