Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ ունեցած կոնֆլիկտի մանրամասները։
Հունիսին Կուրտուան հեռացավ ազգային թիմից այն բանից հետո, երբ իմացավ, որ թիմի ավագն է լինելու ոչ թե ինքը, այլ Ռոմելու Լուկակուն:
«Ես չպետք է անմիջապես հեռանայի, քանի որ դա անհանգստություն առաջացրեց թիմում և նաև վիրավորեց երկրպագուներին: Ցանկանում եմ անկեղծորեն ներողություն խնդրել երկրպագուներից և թիմից դրա համար։
Սխալ որոշում էր հունիսին անմիջապես հեռանալ ուսումնամարզական հավաքից։ Ես կարող էի մնալ մինչև Էստոնիայի հետ հանդիպումը, բայց ես թիմին հիասթափեցրի, ես դա հասկանում եմ։
Ուզում եմ հասկացնել, որ հարցը թիմի ավագը լինելու մասին չէր։ Որովհետև եթե այդպես լիներ, ես արդեն հավաքած կլինեի ճամպրուկներս մարտին ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Ինձ դուր է գալիս համեմատել ազգային հավաքականում ու Մադրիդի «Ռեալի» իրավիճակը։ Մադրիդում ես ավագը չեմ, բայց հարգանք եմ զգում բոլորի կողմից։
Ինչ-որ բան կոտրվեց իմ ներսում: Հանկարծ մարզիչն ասաց. «Եթե դու լքես ուսումնամարզական հավաքը, ես մամուլում կհրապարակեմ մեր բոլոր խոսակցությունները, սա քեզ համար վատ կվերջանա»: Ես երբեք չեմ հանդիպել նման մարզչի, ով սպառնացել է այդեպս:
Ես հասկանում եմ, որ սխալ էի, բայց դուք կարող եք նաև ակնկալել, որ մարզիչը կփորձեր պահել իր լավագույն խաղացողներից մեկին՝ սպառնալիքի փոխարեն:
Ինձ միշտ դուր է եկել ազգային հավաքականում խաղալը և դեռևս կարոտում եմ ազգային հավաքականը: Այնպես որ, ինձ համար դուռը հաստատ փակ չէ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Sporza-ն։