Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Футбол с улыбкой» («Ֆուտբոլը ժպիտով») գրքի շնորհանդեսը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Շնորհանդեսին ներկա էին ակումբի ղեկավար կազմը, Մարկարովի հարազատները և մի շարք այլ հյուրեր, որոնց թվում էին նաև անկախ Հայաստանի առաջին հավաքականի և «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները։
«Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկան հենց գրքի հեղինակը՝ Մարկարովը, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը և առաջին հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը, որոնք վերհիշեցին Մարկարովի հետ անցկացրած տարիները խաղադաշտում և դրանից դուրս, ինչպես նաև այդ տարիների մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շնորհանդեսի ավարտին Էդուարդ Մարկարովը հյուրերին նվիրել է գիրքը՝ իր մակագրությամբ։
























































