«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հրաժեշտի ասուլիսի ընթացքում բարձր է գնահատել նրա թե՛ մարդկային, թե՛ խաղային որակները:
«Մի փոքր տխուր եմ. ֆուտբոլիստի կարիերան ավարտում է մի խաղացող, որի հետ ես աշխատել եմ թե՛ Մոսկվայի «Սպարտակում», թե՛ «Ուրարտուում»: Ինչպես ասում են՝ հիշվում է վերջինը: Արասն իր ահռելի ներդրումն է ունեցել «Ուրարտուի» նախորդ մրցաշրջանի հաջողություններում. դա չեմպիոնությունն է, Գավաթը: Այն գոլերն ու այն ազդեցությունը, որ Արասն ունեցել է թիմի խաղում, և որ ամենակարևորն է՝ թիմի վրա, մենք միշտ կհիշենք:
Արասն իսկական պրոֆեսիոնալ է, սպորտում իմ հանդիպած ամենաուժեղ բնավորությամբ մարզիկը. չնայած այն վնասվածքներին, որ ունեցել է կարիերայի ընթացքում, մշտապես ոտքի է կանգնել ու խաղացել՝ ներդնելով ողջ ուժերը:
Արասը մարդ է մեծատառով ու ես շատ եմ հարգում նրան: Կարծում եմ՝ ամբողջ ֆուտբոլային հանրությունը գիտի, թե ինչպիսի մարդ է Օզբիլիսը: Ես կարծում եմ, որ որպես ֆուտբոլիստ նա չիրացրեց տաղանդի այն ամբողջ մակարդակը, որով օժտել էր նրան Աստված: Այն մարդիկ, որոնք լիովին չեն իրացվում և զգում են, որ ունեն ներուժ, ավելի շատ են աշխատում: Այդուհանդերձ, Արասի կարիերան, կարող ենք ասել, ստացվել է»,- ասել է Գունկոն և հաջողություն մաղթել հայ ֆուտբոլիստի հետագա գործունեության մեջ: