Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արասը նախ խոսել է իր անցած ֆուտբոլային ուղու մասին և խոստովանել՝ կարիերայի ավարտելու մասին հայտարարում է այսօր, բայց այն ավարտվել է դեռ 2014 թվականին.
«Ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերաս: Ֆուտբոլը մշտապես եղել է իմ ամենակարևոր նպատակը: 4 տարեկանում սկսել եմ զբաղվել ֆուտբոլով, իսկ 8 տարեկանում ընդունվել եմ աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկը՝ «Այաքսի» ակադեմիա: 2010 թվականին կատարվեց իմ երազանքներից մեկը՝ խաղալ «Այաքսի» հիմնական թիմում: Այնուհետև, հրավեր եմ ստացել Հոլանդիայի Մ21 տարեկանների հավաքականից, բայց իմ մյուս երազանքն էր՝ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես դրան ևս հասա. 2012 թվականի փետրվարի 29-ին Կիպրոսում նշեցի իմ նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ Կանադայի դեմ: Անմոռանալի խաղ էր, քանի որ այդ խաղում մենք հաղթեցինք 3:1 հաշվով, իսկ ես դարձա գոլի հեղինակ:
Շատ բարդ էր այս որոշումը, բայց ես տխուր չեմ, քանի որ գիտեմ՝ խաղադաշտում հնարավորինս տվել եմ ամեն ինչ: 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշել եմ, որ բավական է: Կարիերայիս ավարտելու մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռ 2014 թվականին՝ ծնկի խաչաձև կապանի երրորդ վնասվածքից հետո: Ես դրանից հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս նույն Արաս Օզբիլիսը չէի: Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես կարող էի պատկերացնել: Ներկայացրել եմ մի ամբողջ ազգ, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասել է Օզբիլիսն ու շնորհակալություն հայտնել իր մարզիչներին, թիմակիցներին և երկրպագուներին:
Օզբիլիսն ընդգծել է՝ առանձնահատուկ պատիվ և հպարտություն զգացել է Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելիս և հայոց եռագույնը շատ երկրներում ներկայացնելիս:
33-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է նիդեռլանդական «Այաքսում», այնուհետև հանդես գալով նաև Մոսկվայի «Սպարտակի», Կրասնոդարի «Կուբանի», թուրքական «Բեշիքթաշի», «Շերիֆի», «Փյունիկի» կազմում։
Օզբիլիսն «Ուրարտուին» միացել էր 2023 թվականի հունվարից։ Նա թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 7 գոլով և 6 գոլային փոխանցմամբ։ 2022/23 մրցաշրջանում Արաս Օզբիլիսը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա 41 խաղի է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Արասի կարիերան նշանավորվել է նվաճումներով․ ֆուտբոլիստը հռչակվել է Նիդեռլանդների կրկնակի (2010/2011, 2011/12), Թուրքիայի (2016/17) և Մոլդովայի (2017/18) չեմպիոն: