Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Օզբիլիսը հայտնել է՝ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում:
«Դա իմ անձնական որոշումն է, քանի որ միշտ եմ ասել,որ կարիերաս ավարտելուց հետո մտադիր եմ ներդնել ուժերս հայկական ֆուտբոլի զարգացման համար: Վստահ եմ՝ իմ փորձով կարող եմ օգնել հայկական ֆուտբոլին»,-ասել է Արասը:
33-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է նիդեռլանդական «Այաքսում», այնուհետև հանդես գալով նաև Մոսկվայի «Սպարտակի», Կրասնոդարի «Կուբանի», թուրքական «Բեշիքթաշի», «Շերիֆի», «Փյունիկի» կազմում։
Օզբիլիսն «Ուրարտուին» միացել էր 2023 թվականի հունվարից։ Նա թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 7 գոլով և 6 գոլային փոխանցմամբ։ 2022/23 մրցաշրջանում Արաս Օզբիլիսը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա 41 խաղի է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Արասի կարիերան նշանավորվել է նվաճումներով․ ֆուտբոլիստը հռչակվել է Նիդեռլանդների կրկնակի (2010/2011, 2011/12), Թուրքիայի (2016/17) և Մոլդովայի (2017/18) չեմպիոն: