«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանոն հայտարարել է, որ միլանյան ակումբի հետ բանակցություններ են վարվում՝ արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
«Մենք բանակցություններ ենք վարում «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Վստահ եմ, որ ձեռք բերված համաձայնությունը երկու կողմերին էլ կգոհացնի»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Մարտինեսը ցանկանում է նոր պայմանագրով աշխատավարձի բարձրացման հասնել՝ տարեկան 7,5 միլիոն եվրոյի չափով:
Այս մրցաշրջանում Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող համաձայնագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 100 մլն եվրո։
























































