Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2030 թվականի Աշխարհի առաջնությունը միանգամից վեց երկրներում անցկացնելու կազմակերպության որոշման մասին։
«Պառակտված աշխարհում ՖԻՖԱ-ն և ֆուտբոլը միավորվում են: Մենք միաձայն որոշեցինք ամենահարմար կերպով նշել Աշխարհի առաջնության հարյուրամյակը, որի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թվականին։
Տոնակատարությունները տեղի կունենան Հարավային Ամերիկայում, որտեղ Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը, կանցկացնեն մեկական հանդիպում 2030 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ:
Այս երեք հանդիպումներից առաջինը տեղի կունենա այն մարզադաշտում, որտեղ ամեն ինչ սկսվեց՝ Մոնտեվիդեոյի լեգենդար Էստադիո Սենտենարիոյում։
ԱԱ-2030-ի մնացած խաղերը հյուրընկալելու միակ հայտը կլինի Մարոկկոյի, Պորտուգալիայի և Իսպանիայի համատեղ հայտը: Երկու մայրցամաքները միավորվել են ոչ միայն ֆուտբոլը տոնելու, այլև սոցիալական և մշակութային եզակի միասնություն ստեղծելու համար:
2030 թվականի մրցաշարը եզակի է լինելու. երեք մայրցամաքներ՝ Աֆրիկան, Եվրոպան և Հարավային Ամերիկան, և վեց երկրներ՝ Արգենտինան, Մարոկկոն, Պարագվայը, Պորտուգալիան, Իսպանիան և Ուրուգվայը, կողջունեն և կմիավորեն աշխարհը՝ միասին նշելով Աշխարհի առաջնության հարյուրամյակը»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































