Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերպուլին» և դժվարին հաղթանակ տարել՝ 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հատկանշական է, որ խաղի արդեն 24-րդ րոպեից մերսիսայդցիները խաղացել են 10 հոգով․ Կերտիս Ջոնսը 24-րդ րոպեին կոպիտ է խաղացել Իվ Բիսումայի նկատմամբ, և դիմելով VAR համակարգի օգնությանը՝ մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրել է նրան խաղադաշտից։
Տանտերերի կազմում հաշիվը բացել է Սոն Հին Մինը՝ 36-րդ րոպեին գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։
Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Գակպոն վերականգնել է հաշվի հավասարակշռությունը և թիմերն ընդմիջման են գնացել 1։1 հաշվի պայմաններում։
Հանդիպման 69-րդ րոպեից «Լիվերպուլը» խաղացել է 9 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ Դիեգու Ժոտան է հեռացվել խաղադաշտից։
«Տոտենհեմը» հաղթանակի է հասել միայն հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին, երբ Ժոել Մատիպը գրավել է սեփական դարպասը։
Պրեմիեր լիգայի յոթ խաղից հետո «Տոտենհեմը» 17 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլը» 7 տուրից հետո 16 միավորով չորրորդն է։