ՀՊԼ 10-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Գյումրիում ընդունել է «Ալաշկերտին» և 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել հյուրերը․ 12-րդ րոպեին խփած գնդակով աչքի է ընկել «Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը:
Մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստներին հաջողվել է երկու գոլ խփել ու հաղթողի կարգավիճակում գնալ դադարի։ Նախ 38-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը, ապա 44-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշն առաջ է մղել իր թիմին։
Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Արտակ Դաշյանը՝ 67-րդ րոպեին գրավելով հավաքականում իր խաղընկեր Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի թիմը 26 միավորով գլխավորում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, և երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային» գերազանցում է 4 միավորով։ «Ալաշկերտը» 19 միավորով 4-րդն է։