Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլը։ Սպասվում են թեժ, ինչ-որ տեղ անկանխատեսելի հանդիպումներ։ Այս նյութում կանդրադառնանք E և F խմբերին։ Գնացի՜նք․․․
🏆 E խումբ
«Ատլետիկո», «Լացիո», «Ֆեյենորդ» և «Սելթիկ»
⚽ 19․09 / 23։00․ «Ֆեյենորդ»-«Սելթիկ»
⚽ 19․09 / 23։00․ «Լացիո»-«Ատլետիկո»
Այս խմբում առաջին հայացքից ֆավորիտներն իտալական ու իսպանական թիմերն են, որոնք կհանդիպեն հենց առաջին տուրում։ Երկու թիմերն էլ պարտություն են կրել իրենց առաջնությունների վերջին խաղերում, բայց ներքին առաջնությունը մեկ մրցաշար է, իսկ ՉԼ-ն՝ այլ։ Ու բոլորովին պետք չի թերագնահատել նաև «Ֆեյենորդին» ու «Սելթիկին», որոնք այս խմբում բացարձակապես հանդիսատեսի կարգավիճակում չեն։
Սիմեոնեն այս ձմեռվանից փոխել է թիմի խաղաոճը, մադրիդցիները քիչ-քիչ հրաժարվում են տոտալ պաշտպանողական ֆուտբոլ խաղալու ձեռագրից և թիմի խաղաոճն աստիճանաբար տրանսֆորմացվում է ավելի հարձակվողական ոճի։ «Սարի-բոլ»-ի մասին թերևս շատերն են լսել, հարձակվողական, դիտարժան ֆուտբոլն այս մասնագետի այցեքարտն է, և իտալացին փորձում է այդ ոճը հաղորդել «Լացիոյին»։ Թե որքանով է այս պահին դա ստացվում․․․ դա ուրիշ հարց է։ «Սելթիկն» էլ մեծ ժառանգություն է ստացել Պոստեկօգլուից՝ գերհարձակվողական ֆուտբոլ դավանելու առումով։ Այնպես որ, այս խմբում ակնկալվում է անզիջում ու թեժ պայքար գրեթե բոլոր խաղերում, կարող ենք ականատես լինել նաև գոլային հրավառությունների։ Չեմ բացառում, որ կամ հոլանդական, կամ շոտլանդական ակումբներից որևէ մեկը կարող է նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։
🏆 F խումբ
«Միլան», «Նյուքասլ», «Բորուսիա Դ․» և ՊՍԺ
⚽ 19․09 / 20։45․ «Միլան»-«Նյուքասլ»
⚽ 19․09 / 23։00․ ՊՍԺ-«Բորուսիա Դ․»
Այս խումբը թերևս ամենաանկանխատեսելին է այս մրցաշրջանում։ Կվարտետում ընդգրկված են թիմեր, որոնք բացարձակապես տարբեր խաղաոճեր են դավանում։ Եվ այն, թե որ թիմի մարտավարությունը կգերազանցի մյուսներին, այս խմբին ավելացնում է լրացուցիչ ինտրիգ։ ՊՍԺ-ն և «Միլանը» բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել կազմերի առումով, «Նյուքասլը» նախորդ մրցաշրջանի համեմատ քիչ է փոխվել, իսկ «Բորուսիան» էլ կորցրել է մի քանի առանցքային ֆուտբոլիստների։ Վերջին ակումբը թվում է՝ այս խմբի համեմատաբար թույլ օղակն է, բայց կարծում եմ, որ «մեղուներն» ի վիճակի են լավ «խայթել» մրցակիցներին։ «Նյուքասլն» էլ վաղուց չի խաղացել ՉԼ-ում, այնպես որ, միջազգային մրցաշարերում փորձի պակասը ևս կարող է ասել իր խոսքը։
Ներքին առաջնությունում վերջին խաղերում միլանյան և փարիզյան թիմերը ցավալի պարտություններ են կրել, իսկ մյուս երկու թիմերը՝ ընդհակառակը, հաղթել են բավականին բարդ խաղերում։ Թիմերի մարզավիճակի վերաբերյալ կարելի է ասել, որ ոչ մեկը չի գտնվում իդեալական մարզավիճակում։
Խմբի մյուս ինտրիգները․
✔ «Միլանի» նախկին ֆուտբոլիստներ Տոնալին («Նյուքասլ») և Դոնարուման (ՊՍԺ) կվերադառնան Միլան՝ արդեն որպես մրցակիցներ։
✔ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Հաուի համար սա առաջին փորձն է Չեմպիոնների լիգայում, ու միանգամից բաժին է ընկել այսպիսի բարդ խումբ։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչպես անգլիացի մասնագետը կլուծի իր առջև դրված խնդիրները։ Թիմի շատ ֆուտբոլիստների համար այս մրցաշրջանը ևս կլինի դեբյուտային ՉԼ-ում։
Կարճ ասած՝ այս խմբի բոլոր 12 հանդիպումներն էլ կլինեն շատ թեժ և, ամենայն հավանականությամբ, մինչև վերջին տուրը կպահպանվի այդ ինտրիգը։