Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող վարկանիշային ԱԱ-ում երկամարտի 460 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր։
Պոկում և հրում վարժություններում Լալայանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել՝ գլխավերևում պահելով 212 և 248 կգ կշռող ծանրաձողերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։
Հայազգի ծանրորդ, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտի 459 կգ (213+246 կգ) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Աշխարհի չեմպիոնի կոչմանը կարիերայում 7-րդ անգամ արժանացել է վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 473 կգ արդյունքով։