Ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրը, և ժամանակն է արդեն ամփոփելու՝ ինչպիսի իրավիճակ է բոլոր խմբերում այս պահի դրությամբ, որ հավաքականներն են մոտ Գերմանիայում կայանալիք մրցաշարին մասնակցելու և որ թիմերն են գրեթե կամ արդեն զրկվել այդ հնարավորությունից։
⚽ A Խումբ
1․ Շոտլանդիա — 15 միավոր (5 խաղ)
2․ Իսպանիա — 9 միավոր (4 խաղ)
3․ Նորվեգիա — 7 միավոր (5 խաղ)
4․ Վրաստան — 4 միավոր (5 խաղ)
5․ Կիպրոս — 0 միավոր (5 խաղ)
Այս խմբում շատ լարված հանդիպումներ են սպասվում վերջին տուրերում, որոնք կկայանան հոկտեմբերին ու նոյեմբերին։
Անսպասելիորեն խմբի առաջատարը Շոտլանդիան է, որը պարզապես հիանալի է ընտրական փուլում՝ հաղթելով անցկացրած բոլոր հանդիպումները, իսկ ՄաքՏոմինեյը գոլի հեղինակ է դառնում 5 խաղից 4-ում ու լավագույն ռմբարկուների ցանկի առաջատարներից է։
Իսպանիան մեկ խաղ պակաս է անցկացրել, բայց 6 միավորով է հետ առաջատարից։ Նորվեգիան ևս հավակնում է Եվրո-2024-ի երկու ուղեգրերից մեկին։
A խմբում պայքարը կընթանա այս երեք հավաքականների միջև։ Շոտլանդիան, կարծում եմ, գրեթե ապահովել է ուղեգիրը և հետաքրքիր է, թե ԵԱ-ում որ թիմին կտեսնենք՝ սեպտեմբերյան խաղերը հրաշալի անցկացրած Իսպանիայի՞ն, թե՞ Հոլանդին ու ընկերներին։ Որոշիչ կարող է դառնալ թիմերի միջև հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 15-ին։
Սեպտեմբերյան խաղերի հերոսն A խմբում․ Յամալի երեք ռեկորդը
«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լամին Յամալը դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Վրաստանի հավաքականի դեմ խաղի 74-րդ րոպեին Յամալը, օգտվելով Նիկո Ուիլյամսի փոխանցումից, գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Այդ օրը Յամալը 16 տարեկան 57 օրական էր։ «Բարսելոնայի» վինգերը դարձել է նաև պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում։ Իսկ ահա Կիպրոսի հետ խաղում Յամալը ևս մեկ ռեկորդ գրանցեց․ նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի պատմության մեջ, ով հանդիպումն սկսել է թիմի մեկնարկային կազմում։
⚽ B Խումբ
1․ Ֆրանսիա — 15 միավոր (5 խաղ)
2․ Նիդեռլանդներ — 9 միավոր (4 խաղ)
3․ Հունաստան — 9 միավոր (5 խաղ)
4․ Իռլանդիա — 3 միավոր (5 խաղ)
5․ Ջիբրալթար — 0 միավոր (5 խաղ)
Այս հնգյակում ֆավորիտը բացահայտ է․ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան վստահաբար գլխավորում է իր խումբը՝ հինգ խաղում տոնելով նույնքան հաղթանակ։ Ավելին՝ Ֆրանսիայի հավաքականը նույնիսկ գոլ բաց չի թողել այս 5 խաղում։ Գրեթե կասկած չկա, որ Դեշամի թիմը կապահովի Եվրո-2024-ի ուղեգիրը։
Իսկ ահա երկրորդ տեղի համար կպայքարեն Նիդեռլանդներն ու Հունաստանը։ Այստեղ մի փոքր առավելություն ունեն հոլանդացիները, քանի որ նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել։ Շատ բան կորոշվի այս երկու թիմերի միջև դիմակայությունում, որը կկայանա հոկտեմբերին։
Իռլանդիան մաթեմատիկական շանսեր ունի երկրորդ տեղը զբաղեցնելու, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Նիդեռլանդներն ու Հունաստանը ոչ-ոքի խաղան իրենց միջև խաղում, իսկ մյուս բոլոր հանդիպումներում պարտվեն․․․ Համաձայնե՛ք՝ դա քիչ հավանական է․․․
Ջիբրալթարն էլ այն քիչ հավաքականներից մեկն է այս ընտրական փուլում, որը դեռ ոչ մի միավոր չի վաստակել։ Ավելին՝ նրանք նույնիսկ գոլ չեն խփել անցկացրած 5 խաղում։
Մեր կանխատեսումը՝ Ֆրանսիայի ու Նիդեռլանդների հավաքականներին կտեսնենք հաջորդ ամառ Գերմանիայում։
⚽ C Խումբ
1․ Անգլիա — 13 միավոր (5 խաղ)
2․ Իտալիա — 7 միավոր (4 խաղ)
3․ Ուկրաինա — 7 միավոր (5 խաղ)
4․ Հյուսիսային Մակեդոնիա — 7 միավոր (5 խաղ)
5․ Մալթա — 0 միավոր (5 խաղ)
Երրորդ խմբում ևս հետաքրքիր իրադարձություններ են սպասվում առաջիկա տուրերում։ Այն, որ Անգլիան դուրս կգա խմբից, գրեթե կասկած չկա։
Իսկ ահա երկրորդ ուղեգրի համար պայքարը շատ թեժ է լինելու։ Բաղձալի ուղեգրի համար կմրցեն Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան, ինչպես նաև Ուկրաինան և Հս․Մակեդոնիան։
Բոլոր երեք թիմերն էլ ունեն հավասար միավորներ՝ 7-ական։ Բայց Իտալիայի հավաքականը մեկ խաղ պակաս է անցկացրել, ինչը որոշակի առավելություն է տալիս Սպալետիի թիմին։
Համենայն դեպս, այս խմբում ինտրիգը թերևս կպահպանվի մինչև վերջին տուրը, որում կհանդիպեն Իտալիան ու Ուկրաինան, իսկ մակեդոնացիներն էլ կընդունեն անգլիացիներին։
⚽ D Խումբ
1․ Խորվաթիա — 10 միավոր (4 խաղ)
2․ Թուրքիա — 10 միավոր (5 խաղ)
3․ Հայաստան — 7 միավոր (5 խաղ)
4․ Ուելս — 7 միավոր (5 խաղ)
5․ Լատվիա — 0 միավոր (5 խաղ)
Մեր խմբում այս պահին պարզ է միայն մեկ փաստ՝ Լատվիայի հավաքականը զրկվեց բոլոր հնարավորություններից պայքարելու ԵԱ-ի ուղեգրի համար։
Բացի Խորվաթիայից, որը 4 հանդիպում է անցկացրել, բոլոր մյուս հավաքականներն անցկացրել են 5-ական հանդիպում ու առաջիկա երեք խաղերից յուրաքանչյուրը թիմերի համար կլինի ինչպես «եզրափակիչ»։
Ամենայն հավանականությամբ, աշխարհի 2018թ փոխչեմպիոն, նախորդ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր խորվաթները կապահովեն ԵԱ-ի ուղեգիր՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ մեկ խաղ էլ պակաս են անցկացրել մրցակիցներից։ Մյուս ուղեգրի համար կպայքարեն Հայաստանը, Ուելսը և Թուրքիան, ու թեև վերջինս 3 միավոր ավել է հավաքել, բայց առջևում Խորվաթիայի հետ արտագնա հանդիպումն է հոկտեմբերի 12-ին։
Ինչ վերաբերում է մեր ազգային հավաքականին, Հայաստանի ընտրանին նույն օրը կհանդիպի Լատվիայի թիմի հետ (մրցակցի հարկի տակ)։ Նոյեմբերի 18-ին կընդունենք Ուելսին, իսկ 21-ին՝ արտագնա խաղում կմրցենք Խորվաթիայի հետ։
⚽ E Խումբ
1․ Ալբանիա — 10 միավոր (5 խաղ)
2․ Չեխիա — 8 միավոր (4 խաղ)
3․ Մոլդովա — 8 միավոր (5 խաղ)
4․ Լեհաստան — 6 միավոր (5 խաղ)
5․ Ֆարերյան կղզիներ — 1 միավոր (5 խաղ)
Այստեղ բացահայտ ֆավորիտ չկա։ 4 թիմ ունի հավասար հնարավորություն խմբից դուրս գալու համար։
Միայն Ֆարերյան կղզիների թիմն է, որ գրեթե զրկվել է այդ հնարավորությունից։ Եթե կղզիաբնակներից դա սպասելի էր, ապա մի փոքր անակնկալ էր Մոլդովայի հավաքականի հաջող ելույթները։ Այո՛, մրցակիցներն ամենաբարդագույնը չեն, բայց ԱԱ-2022-ի ընտրական փուլից հետո, որտեղ Մոլդովան ընդամենը մեկ միավոր էր վաստակել ու աղյուսակում վերջինն էր՝ նույն Ֆարերներից հետո, դժվար էր պատկերացնել, որ այս թիմն այսքան հաջող հանդես կգա այս որակավորման փուլում։
Լեհաստանի հավաքականի ելույթներն այդքան էլ տպավորիչ չեն․ թիմը երեք պարտություն է կրել 5 խաղում։ Հոկտեմբերին նրանց մրցակիցները հենց Ֆարերյան կղզիներն են ու Մոլդովան, ու թիմի մարզչական շտաբը մեկ ամիս ունի վերջին խաղում ալբանացիներից կրած պարտությունը վերլուծելու ու նախապատրաստվելու առաջիկա խաղերին։
⚽ F Խումբ
1․ Բելգիա — 13 միավոր (5 խաղ)
2․ Ավստրիա — 13 միավոր (5 խաղ)
3․ Շվեդիա — 6 միավոր (5 խաղ)
4․ Էստոնիա — 1 միավոր (5 խաղ)
5․ Ադրբեջան — 1 միավոր (4 խաղ)
Այս խմբի մասին շատ բան ասելու չկա։ Երկու ուղեգրի հարցն արդեն գրեթե լուծված է։ Բելգիան կամ Ավստրիան դժվար թե զիջեն իրենց տեղը Շվեդիային։
Երեկ կայցած Շվեդիա-Ավստրիա հանդիպումը շատ կարևոր էր մրցաշարային տեսանկյունից։ Շվեդները եթե հաղթեին ավստրիացիներին, կպահպանեին ինտրիգն այս խմբում, բայց նրանք զիջեցին 1-3 հաշվով։ Ավստրիային հաղթանակ պարգևեց «Ինտերի» նորեկ Մարկո Արնաուտովիչի դուբլը։ 3 խաղ, 7 միավորի տարբերություն․․․ շվեդներին դժվար թե տեսնենք հաջորդ ամառ Գերմանիայում։
Ի՞նչ կա ուրիշ հետաքրքիր այս խմբի հետ կապված․․․
Նախ Ռոմելու Լուկակուն դարձավ ընտրական փուլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը․ բելգիացին արդեն 8 գոլ ունի իր ակտիվում։ Նա երկու գոլով առաջ է վերը նշված շոտլանդացի ՄաքՏոմինեյից և դանիացի Ռասմուս Հոյլունիդից։ Իսկ ահա 36-ամյա Յան Վերտոնգենն Էստոնիայի հետ խաղում դարձավ իր ազգային հավաքականի պատմության մեջ առաջին խաղացողը, ով Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 150 հանդիպման: Հոբելյանական խաղում Վերտոնգենը 4-րդ րոպեին նաև գոլի հեղինակ դարձավ Յանիկ Կարասկոյի փոխանցումից։
⚽ G Խումբ
1․ Հունգարիա — 10 միավոր (4 խաղ)
2․ Սերբիա — 10 միավոր (5 խաղ)
3․ Մոնտենեգրո — 8 միավոր (5 խաղ)
4․ Բուլղարիա — 2 միավոր (5 խաղ)
5․ Լիտվա — 2 միավոր (5 խաղ)
G խմբում երկու ուղեգրերի համար համառ պայքարը կընթանա երեք թիմերի միջև՝ Հունգարիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի։
Հունգարիան առավելություն ունի մրցակիցների նկատմամբ, քանի որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Ընդհանրապես, այս թիմը դեռ պարտություն չունի մրցաշարում ու աչքի է ընկնում հուսալի պաշտպանությամբ՝ 4 խաղում բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ։
Հաջորդ երկու խաղերում Սերբիան կհանդիպի հենց անմիջական մրցակիցների՝ Հունգարիայի ու Մոնտենեգրոյի հետ։ Հաշվի առնելով այս խմբի առաջիկա խաղացանկը, ապա Սերբիայի հավաքականի համար կարող են վճռորոշ լինել հոկտեմբերյան խաղերը։
Ինչ վերաբերում է հենց Լիտվային ու Բուլղարիային, ապա նրանք դժվար թե կարողանան ինչ-որ բան փոխել առաջիկա խաղերում՝ մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ զբաղեցնելու տեսանկյունից, բայց չի էլ բացառվում, որ իրենց խաղերից մեկում կարողանան փչացնել առաջատար եռյակից մեկի տրամադրությունը։
⚽ H Խումբ
1․ Սլովենիա — 13 միավոր (6 խաղ)
2․ Դանիա — 13 միավոր (6 խաղ)
3․ Ֆինլանդիա — 12 միավոր (6 խաղ)
4․ Ղազախստան — 12 միավոր (6 խաղ)
5․ Հյուսիսային Իռլանդիա — 3 միավոր (6 խաղ)
6. Սան Մարինո — 0 միավոր (6 խաղ)
Այն երեք խմբերից առաջինը, որտեղ բոլոր թիմերն անցկացրել են հավասար քանակությամբ հանդիպումներ։
4 թիմ պայքարում է երկու ուղեգրի համար։ Եթե Դանիայի, Ֆինլանդիայի ու Սլովենիայի հավաքականներին սպասում էինք տեսնել աղյուսակի վերնամասում, ապա Ղազախստանի ընտրանին այս ընտրական փուլի գլխավոր բացահայտումներից մեկն է։ 4 հաղթանակ 6 խաղում՝ այդ թվում Դանիայի ընտրանու նկատմամբ, տպավորիչ է։
Ի սկզբանե թվում էր, որ Դանիան, ինչպես վերջին ընտրական փուլերում, առանց դժվարության, նույնիսկ ժամկետից շուտ կարող է ձեռք բերել Եվրոյի ուղեգիրը։ Բայց սկանդինավցիներն անհաջող մեկնարկեցն այս ընտրական փուլում։ Աստիճանաբար Յուլմանի սաները բարելավեցին իրենց արդյունքnերը, սեպտեմբերյան երկու խաղերում էլ հաղթեցին մրցակիցներին։ Առաջիկա 4 խաղերից երկուսում դանիացիները կհանդիպեն Սան Մարինոյի ու Հս․ Իռլանդիայի հետ, իսկ մյուս երեք առաջատարները միմյանց հետ դեռ հանդիպումներ ունեն անցկացնելու, այնպես որ, կարծում եմ, առաջատար կվարտետից ամենաբարձր հնարավորությունը` լավագույն երկյակում հայտնվելու, հենց Դանիան ունի։ Իսկ ահա մյուս ուղեգրի համար պայքարը խոստանում է թեժ ու հետաքրքիր լինել։
Սան Մարինոյի հավաքականից էլ սպասում ենք, թե երբ վերջապես այս թիմը գոնե մեկ միավոր կվաստակի ընտրական փուլերում․․․ թվում է՝ դեռ երկար կսպասենք․․․
⚽ I Խումբ
1․ Շվեյցարիա — 14 միավոր (6 խաղ)
2․ Ռումինիա — 12 միավոր (6 խաղ)
3․ Իսրայել — 11 միավոր (6 խաղ)
4․ Բելառուս — 4 միավոր (6 խաղ)
5․ Կոսովո — 4 միավոր (6 խաղ)
6. Անդորրա — 2 միավոր (6 խաղ)
Այստեղ խումբը կարող ենք բաժանել երկու բևեռների՝ եռյակ, որը պայքարում է ուղեգրերի համար, եռյակ՝ որը հանդիսատեսի կարգավիճակ արդեն ունի։
Շվեյցարիա, Ռումինիա, Իսրայել՝ դժվար է կանխատեսել, թե այս թիմերից որը կմնա առանց ուղեգրի։ Նամանավանդ, որ այս երեք թիմերն էլ դեռ հանդիպումներ ունեն անցկացնելու միմjանց հետ։ Հենց այս խաղերի արդյունքներով էլ կորոշվեն այս խմբի հաջողակաները, չմոռանանք նաև, որ այս թիմերից յուրաքանչյուրը կարող է միավոր կորցնել երկրորդ եռյակի ներկայացուցիչների հետ խաղերում։
Ի դեպ, Անդորրայի հավաքականի պաշտպան Իլդեֆոն Լիման իր սոցիալական ցանցերում հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 43-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղը վերջինը կլինի պաշտպանի համար։ Առաջին անգամ Լիման Անդորրայի հավաքականում խաղացել է 1997 թվականին։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 137 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Նա Անդորրայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
⚽ J Խումբ
1․ Պորտուգալիա — 18 միավոր (6 խաղ)
2․ Սլովակիա — 13 միավոր (6 խաղ)
3․ Լյուքսեմբուրգ — 10 միավոր (6 խաղ)
4․ Բոսնիա և Հերցեգովինա — 6 միավոր (6 խաղ)
5․ Իսլանդիա — 6 միավոր (6 խաղ)
6. Լիխտենշտեյն — 0 միավոր (6 խաղ)
Ի տարբերություն նախորդ երկու խմբերի, այստեղ կա բացահայտ ֆավորիտ՝ Պորտուգալիայի հավաքականը։
6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը, որը Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողեց որակազրկման պատճառով, ավարտվեց 9-0 հաշվով։ Պորտուգալիայի հավաքականի համար այս հաղթանակը ամենախոշորն է ընտրանու պատմության մեջ։ Պորտուգալացիները հաղթել են բոլոր 6 խաղերը, խփել են 24 գոլ ու ոչ մի գնդակ բաց չեն թողել․․․ Ռոնալդուն ու ընկերները, կարելի է ասել, մեկ ոտքով արդեն արդեն Եվրո-2024-ում են։
Չնայած Լյուքսեմբուրգի համար այս ցավալի պարտությանը, պետք է նաև արժանին մատուցենք այս թիմին։ Նայեք մրցաշարային աղյուսակին․ նրանք երրորդն են, նրանք արդեն 10 միավոր ունեն իրենց ակտիվում, ավելի շատ, քան բոսնիացիներն ու իսլանդացիները։
Բայց, այս խումբը, թերևս ամենականխատեսելիներից մեկն է այս պահի դրությամբ։ Ապրի Լյուքսեբմուրգը, բայց երրորդ տեղից բարձր նրանք դժվար թե բարձրանան։ Ամենայն հավանականությամբ, Սլովակիայի ընտրանին կպահպանի երկրորդ տեղն այս խմբում։ Դժվար թե առաջիկա 4 խաղում նրանք բաց թողնեն 7 միավորի առավելությունը Բոսնիա և Հերցեգովինայի ու Իսլանդիայի նկատմամբ։
✅ Թվեր և փաստեր
✔ Ընտրական փուլի ամենաարդյունավետ թիմերն են․
Պորտուգալիա — 24 գոլ
Շվեյցարիա — 17 գոլ
Անգլիա, Իսպանիա — 16 գոլ
Բելգիա, Սլովենիա — 13 գոլ
✔ Ամենահուսալի պաշտպանությունն ունեն․
Ֆրանսիա և Պորտուգալիա — գնդակ բաց չեն թողել
Խորվաթիա, Շոտլանդիա, Բելգիա, Հունգարիա — 1 բաց թողնված գնդակ
✔ Ընտրական փուլում իրենց բոլոր հանդիպումները հաղթել են միայն Շոտլանդիան, Ֆրանսիան և Պորտուգալիան։
✔ Ընտրական փուլում դեռ ոչ մի միավոր չեն վաստակել Կիպրոսը, Ջիբրալթարը, Մալթան, Լատվիան, Սան Մարինոն և Լիխտեյնշտեյնը։
✔ Ընտրական փուլում ոչ մի գոլ չեն խփել Ջիբրալթարը և Սան Մարինոն։