Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ.։
Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի՝ տեղակայված շենքի 220մ պարագծով, 2մ լայնությամբ։ Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է Կառավարության կողմից։ Կատարվել են աշխատանքների 65 %-ը: Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը 1424 քմ է։ Ներառում է դահլիճ՝ 1076 քմ, 250 նստատեղով տրիբունա, հանդերձարաններ և սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ, հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ 20-30 մարդ/տեղով դիտահարթակ հյուրերի համար, նաև ներառում է ֆեն-շու «Feng shui» հարթակ՝ դեպի հարթ տանիք ելքով։
Հեծանվային սպորտդպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը 1280 քմ է։ Առաջին հարկում տեղակայված են 70-90 աշակերտի համար նախատեսված 9 խմբասենյակ՝ ելքերով դեպի հեծանվաուղի, հանդերձարաններ և սանհանգույցներ, ֆիզպատրաստության դահլիճ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ։ Երկրորդ հարկում նախատեսվում է հեծանվասպորտի թանգարան, իսկ տանիքում՝ 75 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Ծրագիրն իրականացվում է «Մարզական օբյեկտների շինարարություն միջոցառման» շրջանակում: