ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Վախճանվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկան հասակում:
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։