Թոփ լիգաներում մրցաշրջանը կամաց-կամաց մտնում է հունի մեջ, և առաջիկա հանգստյան օրերին մեզ սպասվում են մի շարք հետաքրքիր և թեժ դիմակայություններ։ Կանդրադառնանք նաև հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ առաջիկա հանդիպումներին։
⚽ ԱՊԼ
ԱՊԼ-ում կկայանան արդեն 4-րդ տուրի հանդիպումները։ Այս տուրում կառանձնացնենք երեք հետաքրքիր հանդիպումներ։
«Բրայթոնը» շաբաթ օրը սեփական հարկի տակ կընդունի «Նյուքասլին»։ Հանդիպումը կմեկնարկի 20։30-ին (նյութում բոլոր ժամերը՝ Երևանի ժամանակով)։ Երկու թիմերն էլ նախորդ տուրում ցավալի պարտություն կրեցին՝ ունենալով խաղային առավելություն մրցակիցների նկատմամբ։ Այս խաղում թիմերից և ոչ մեկը չի փորձի կրկնել նախորդ տուրի անհաջողությունը։
Կիրակի կկայանա երկու շատ հետաքրքիր հանդիպում։ 17։00-ին կմեկնարկի «Լիվերպուլ»- «Աստոն Վիլա» հանդիպումը, իսկ 19։30-ին՝ տուրի կենտրոնական հանդիպումը․ «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի ՄՅՈՒ-ին։ Երկու խաղերում էլ ականատես կլինենք մարզչական դիմակայությունների՝ Կլոպն ընդդեմ Էմերիի, Արտետան՝ տեն Հագի։
Շաբաթ օրը կկայանան մյուս թոփ ակումբների մասնակցությամբ հետևյալ հանդիպումները․
«Բարնլի»- «Տոտենհեմ» 18։00
«Մանչեսթեր Սիթի»- «Ֆուլհեմ» 18։00
«Չելսի»- «Նոթինգհեմ» 18։00
⚽ Լա լիգա
Այս մրցաշրջանի միանձնյա առաջատար Մադրիդի «Ռեալն» իր հանդիպումն այս տուրում կանցկացնի շաբաթ օրը։ Բելինգհեմը և ընկերները սեփական հարկի տակ կհյուրընկալեն «Խետաֆեին»։ Հանդիպման մեկնարկը՝ 18։15-ին։
Տուրի կենտրոնական հանդիպումը ևս կկայանա Մադրիդում․ հիանալի մարզավիճակում գտնվող «Ատլետիկոն» կընդունի «Սևիլիային», որն այս պահին որոշակի խնդիրներ ունի, իսկ նախորդ տուրում սեփական հարկի տակ զիջեց «Ժիրոնային»։ Հանդիպման մեկնարկը՝ 20։30-ին։
Ավելի ուշ, ժամը 23։00-ին կմեկնարկի գործող չեմպիոնի մասնակցությամբ հանդիպումը։ «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Օսասունայի» հետ։
⚽ Ա Սերիա
Ապենինյան թերակղզում առաջիկա օրերին շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում։ Նախ, ուրբաթ օրը, Հռոմում տեղի «Ռոման» կհյուրընկալի մցաշրջանը պարզապես հրաշալի մեկնարկած «Միլանին»։ Խաղը կմեկնարկի 22։45-ին։
Հաջորդ օրը կկայանա գործող չեմպիոնի և փոխչեմպիոնի դիմակայությունը․ «Նապոլին» կընդունի «Լացիոյին»։ Հանդիպման մեկնարկը՝ 22։45-ին։
Կիրակի կկայանա ևս մեկ շատ հետաքրքիր հանդիպում՝ այս անգամ Միլանում։ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կհյուրընկալի «Ֆիորենտինային»։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի 20։30-ին։
Իսկ ահա մրցաշարի մյուս ֆավորիտին՝ «Յուվենտուսին», համեմատաբար ոչ այդքան բարդ հանդիպում է սպասվում, ճիշտ է՝ արտագնա խաղում։ Թուրինցիները երրորդ տուրում կմրցեն «Էմպոլիի» հետ։ Հանդիպումը կսկսվի ժամը 22։45-ին։
⚽ Բունդեսլիգա
Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Մյունխենգլադբախում։ Տեղի «Բորուսիան» շաբաթ օրը կընդունի «Բավարիային»։ Ռանոսն ընդդեմ իր նախկին թիմի․․․ ֆանտաստիկ կլինի, եթե հայ ֆուտբոլիստն իր գոլերի հաշիվը Բունդեսլիգայում բացի հենց «Բավարիայի» դեմ խաղում։ Հանդիպման մեկնարկը՝ 20։30-ին։
Սարգիս Ադամյանի «Քյոլնը» հաջորդ օրն արտագնա խաղում կմրցի «Այնտրախտի» հետ։ Խաղի մեկնարկը՝ 17։30-ին։ Նույն օրը, ժամը 19։30 կկայանա այս տուրի մյուս կենտրոնական հանդիպումը՝ «Յունիոն» -«Լայպցիգ»։
Իսկ ահա Դորտմունդի «Բորուսիան» և «Բայերը» քննություն կվերցնեն այս մրցաշրջանի նորեկներից՝ համպատասխանաբար «Հեյդենհայմից» և «Դարմշտադից»։
⚽ Լիգա 1
Ֆրանսիայի առաջնությունում սպասվում է երկու շատ հետաքրքիր դիմակայություն 4-րդ տուրի շրջանակում։
Մրցաշրջանը հիանալի մեկնարկած «Մոնակոն», որն այս պահին «Մարսելի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սեփական հարկի տակ կընդունի նախորդ մրցաշրջանի գլխավոր բացահայտում դարձած «Լանսին»։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի 23։00։ Հաջորդ օրը, ժամը 22։45-ին կմեկնարկի «Լիոն»-ՊՍԺ հանդիպումը։ Հետաքրքիր է՝ Մբապեն կլինի՞ փարիզյան թիմի կազմում տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
Այս տուրում մրցաշրջանի մյուս առաջատարը՝ «Մարսելն» արտագնա խաղում կհանդիպի «Նանտին» (սեպտեմբերի 1), իսկ Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն»՝ «Լիլին» (սեպտեմբերի 3)։
⚽ Հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներ
✅ Ռուսաստանի առաջնություն․ ՌՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում շաբաթ օրը Էդգար Սևիկյանի «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ կընդունի Իվուի «Ռուբինին» (16։15), իսկ Էդուարդ Սպերցյանի և Գեորգի Հարությունյանի «Կրասնոդարը» կընդունի «Սպարտակին» (21:00):
Հաջորդ օրը, ժամը 16։15-ին կմեկնարկի Նաիր Թիկնիզյանի «Լոկոմոտիվի» և Արթուր Գալոյանի ու Տիգրան Ավանեսյանի «Բալթիկայի» միջև հանդիպումը։ Խորեն Բայրամյանի «Ռոստովը» նույն օրը կխաղա Մոսկվայի «Դինամոյի» հետ (21:00)։ Այս խաղերից ավելի վաղ, ժամը 14։00-ին կմեկնարկի «Օրենբուրգ»-«Սոչի» հանդիպումը։ Տանտերերի կազմում հանդես է գալիս Ստեփան Հովհաննիսյանը։
✅ Սլովակիայի առաջնություն․ Գործող չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, կիրակի օրը սեփական հարկի տակ կընդունի «Պոդբրեզովային»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։
✅ Դանիայի առաջնություն․ Էդգար Բաբայանի «Ռանդերսը» սեպտեմբերի 3-ին արտագնա խաղում կմրցի «Բրոնդբյուի» հետ։ Բաբայանն այս մրցաշրջանում մասնակցել է «Ռանդերսի» բոլոր հանդիպումներին առաջնության շրջանակում։
✅ Լեհաստանի առաջնություն․ Վահան Բիչախչյանի «Պոգոնը» կիրակի օրն արտագնա խաղում կհանդիպի «Զագլեբիեի» հետ (17:00)։
✅ Բուլղարիայի առաջնություն․ Շաբաթ օրը Ժիրայր Շաղոյանի ԲԿՄԱ-ն արտագնա խաղում կհանդիպի «Բերոյեին»․ հանդիպման մեկնարկը՝ 22։15-ին։
✅ Խորվաթիայի առաջնություն․ Ստյոպա Մկրտչյանի «Օսիեկը» սեփական հարկի տակ կընդունի խորվաթական գրանդին՝ Զագրեբի «Դինամոյին»։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին (23:05):
✅ Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում «Ալ Ֆատեհը», որի կազմում հանդես է գալիս Լուկաս Սելարայանը, կհանդիպի Ռոբերտո Ֆիրմինուի և Ռիյադ Մարեզի «Ալ Ահլիին»։ Հանդիպումը կկայանա շաբաթ օրը և կմեկնարկի ժամը 22։00-ին։
✅ Ղազախստանի առաջնությունում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հանդիպումներ չեն կայանա․ 22-րդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։