Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան այս գարուն վերադարձել էր եվրոպական ֆուտբոլ։
Միուրան գարնանն իր նորամուտը նշեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում՝ «Օլիվեյրենսե» ակումբի կազմում։ Հուլիսին 56-ամյա ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։ 2023/24 մրցաշրջանը Միուրայի համար 39-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա արդեն նոր մրցաշրջանում մասնակցել է մեկ հանդիպման՝ դուրս գալով փոխարինման խաղավերջում։ «Օլիվեյրենսեն» այս պահին 9 միավորով գլխավորում է պորտուգալական Սեգունդայի մրցաշարային աղյուսակը։
«Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին:
Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է այն ժամանակ, երբ Մեսսին նույնիսկ դեռ չէր ծնվել, իսկ Ռոնալդուն մեկ տարեկան էր՝ 1986 թվականին։ Նա առաջին քայլերը պորֆեսիոնալ ֆուտբոլում կատարել է բրազիլական «Սանթոսում»։ Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։
Նա նաև առաջին ճապոնացի լեգիոներն է իտալական ֆուտբոլում, երբ 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա «Սամպդորիայի» դեմ դերբիում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 1993 թվականին նա ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆոտբոլիստ։
Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։