ՀՊԼ երկրորդ տուրում ԲԿՄԱ-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Նոային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել հանդիպման ավելացված վերջին րոպեներին:
Հանդիպման միակ գնդակը 90+2-րդ րոպեին հեղինակել է Գևորգ Տարախչյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Վերջինս նշանակվել էր «Նոայի» նորեկ Ալեքսանդր Միլկովիչի խախտումից հետո: Միլկովիչը նորամուտի խաղում նաև հեռացվեց խաղադաշտից:
Հիշեցնենք՝ մեկնարկային տուրում ԲԿՄԱ-ն 1-2 հաշվով զիջել էր «Ուրարտուին», իսկ «Նոան» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին»:
ՀՊԼ երկրորդ տուրի մյուս խաղերում «Վանը» օգոստոսի 5-ին Չարենցավանում կընդունի Գյումրիի «Շիրակին», օգոստոսի 6-ին «Փյունիկն» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում կմրցի «Արարատի» հետ, իսկ օգոստոսի 7-ին կկայանան «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» և «Ուրարտու» — «Արարատ-Արմենիա» հանդիպումները: