Հայ պատանի շախմատիստները բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում, որն անցկացվել է հուլիսի 24-ից 30-ը Ռումինիայի Յասի քաղաքում:
Առաջնությանը մասնակցում էր 14 թիմ՝ Իսրայելի 1-ին թիմ, Հայաստան, Գերմանիա, Լեհաստան, Հունգարիա, Ռումինիայի 1-ին թիմ, Իսրայելի 2-րդ թիմ, Սլովենիա, Ավստրիա, Ռումինիայի 2-րդ թիմ, Մոլդովա, Ռումինիայի 3-րդ թիմ, Թուրքիա, Ռումինիայի 4-րդ թիմ:
Հայաստանի թիմը ներկայացնում էին՝
1-ին խաղատախտակ՝ Էմին Օհանյան
2-րդ խաղատախտակ՝ Ռոբերտ Փիլիպոսյան
3-րդ խաղատախտակ՝ Էրիկ Չաքրյան
4-րդ խաղատախտակ՝ Արսեն Դավթյան
Պահեստային՝ Ալեքս Սահակյան
Թիմի ավագ՝ Վահագն Խաչատրյան
Առաջին խաղափուլում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել Ռոբերտ Փիլիպոսյանը: Մյուս 3 շախմատիստները՝ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը, կեսական միավոր են վաստակել:
Երրորդ խաղափուլում հայ պատանիները 2:2 հաշվով ավարտել են Իսրայելի 2-րդ թիմի հետ հանդիպումը: Հաղթանակ է գրանցել Արսեն Դավթյանը: Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Էրիկ Չաքրյանը պարտվել է:
Չորրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթել են Գերմանիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Ալեքս Սահակյանը պարտվել է:
Հինգերորդ խաղափուլում հայ պատանիները 2:2 հաշվով ավարտել են Իսրայելի 1-ին թիմի հետ հանդիպումը: Հաղթանակ է գրանցել Արսեն Դավթյանը: Էմին Օհանյանը և Էրիկ Չաքրյանը խաղն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվել է:
Վեցերորդ խաղափուլում Լեհաստանի հետ խաղում հայ պատանիները 1.5:2.5 հաշվով կրել են առաջին և միակ պարտությունը: Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Արսեն Դավթյանը խաղն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Էրիկ Չաքրյանը պարտվել է:
Յոթերորդ խաղափուլում հայ պատանիները 3:1 հաշվով հաղթել են Ռումինիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էմին Օհանյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքրյանը խաղն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջնությունում ամեն մի հաղթանակը 2 միավոր էր, ոչ ոքին՝ 1, իսկ պարտությունը՝ 0:
Լավագույն եռյակն ունեցավ հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Լեհաստան (12 միավոր)
2-րդ տեղ՝ Իսրայելի 1-ին թիմ (11 միավոր)
3-րդ տեղ՝ Հայաստան (10 միավոր)