Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։
Հանդիպումն ավարտվեց «Զրինսկիի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտուն» վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք ստացավ։ Գնդակին մոտեցավ թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը, որի հարվածից հետո գնդակն անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից։
76-րդ րոպեին «Ուրարտուի» հարձակվող Յայա Սանոգոն մեն-մենակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դեմ, սակայն սայթաքեց և չկարողացավ դիպուկ հարված կատարել։
83-րդ րոպեին «Ուրարտուն» նորից վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Այս անգամ գնդակին մոտեցավ Օլեգ Պոլյակովը։ Վերջինիս հարվածը բարձր ստացվեց։
89-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Մատեյ Սենիչը։
Հանդիպման վերջին րոպեներին տանտերերը մի քանի վտանգավոր պահ ունեցան, սակայն հաշիվը հավասարեցնել չհաջողվեց։
Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին։